Հեմոֆիլիան ժառանգական հազվագյուտ հիվանդություն է, որով հիմնականում տղամարդիկ են հիվանդանում: Սակայն այսօր մասնագետները խոսում են արյան մակարդելիության հեմոֆիլիա հիշեցնող խանգարումների մասին, որոնք նաեւ կանանց մոտ են հանդիպում: 

Առողջապահության նախարարության գլխավոր հեմատոլոգ, Արյունաբանության կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը պատմել է, որ այսօր շատ կանանց մոտ արյան մակարդելիության խանգարումներ են ախտորոշում, որոնք ընդունված է «կանացի հեմոֆիլիա» կոչել:

Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց մոտ կոագուլյացիայի (արյան մակարդման գործընթացի) խանգարման պատճառով հաճախակի արյունազեղումներ են տեղի ունենում անոթներ, մկաններ եւ ներքին օրգաններ` ինչպես ինքնաբուխ, առանց պատճառի, այնպես էլ փոքրիկ վնասվածքի կամ վիրահատական միջամտության հետեւանքով: Բավականին բարդ է լինում հեմոֆիլիայով հիվանդների մոտ կանգնեցնել արյունահոսությունը նրանց օրգանիզմում մակարդման գործոնների պակասի պատճառով: 

Մակարդելիության նման խանգարումներով տառապող կանանց մոտ եւս արյունահոսություններ են դիտարկվում աննշան վնասվածքների պատճառով կամ բժշկական պրոցեդուրաներից հետո: Եթե կնոջ մոտ նման արյունահոսություն է լինում, հետազոտում են նրա արյան մակարդելիությունը եւ եթե մակարդելիության գործոնների պակաս են հայտնաբերում` ժառանգական կամ ձեռքբերովի, հիվանդին ներարկում են պակասող գործոնը, իսկ դրա բացակայության դեպքում (նշենք, որ գործոնները բավականին թանկ արժեն եւ գնվում են պետության եւ բարեգործական կազմակերպությունների կողմից) հաճախ պլազմա են օգտագործում, որում եւս բավարար քանակով մակարդելիության գործոններ կան: 

Մասնագետը նշել է, որ անցյալում քչերն էին խոսում «կանացի հեմոֆիլիայի» մասին, սակայն այսօր գիտության զարգացման շնորհիվ կանանց մոտ մակարդելիության համակարգը հայտնվել է մասնագետների սեւեռուն ուշադրության կենտրոնում եւ շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում կանանց սկսել են ավելի հաճախակի հետազոտել մակարդելիության խանգարումներ հայտնաբերելու համար: