Շատ կանայք հաճույքով դիմահարդարման թանկարժեք միջոցներ են գնում, բայց համառորեն անտեսում են բնական մթերքները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուր սառնարանում եւ կարող են ոչ պակաս արդյունավետ լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք կարող են օգնել պահպանել Ձեր մաշկի գեղեցկությունը եւ երիտասարդությունը:
Լոլիկներ
Լոլիկները հզոր հակաօքսիդանտներ են, որոնք շատ օգտակար են մաշկի համար: Լոլիկից մածուկ պատրաստեք եւ 10-15 րոպեով քսեք մաշկին (եթե, իհարկե, Դուք լոլիկից ալերգիա չունեք): Նման դիմակը հանգստացնում է Ձեր մաշկը եւ ավելի լավն է դարձնում:
Բանանի կճեպ
Բանանի հիմքի վրա դեմքի դիմակների հարյուրավոր բաղադրատոմսեր գոյություն ունեն, սակայն բանանի կճեպը եւս շատ արժեքավոր է: Այն հագեցած է մրգային թթվով, որը հրաշալիորեն թեփոտում է մաշկը: Բանանի կճեպը կտրատեք փոքր կտորներով եւ ամեն երկու օրը մեկ քսեք դեմքին (եթե բանանից ալերգիա չունեք). դա մաշկը փափուկ եւ հարթ կդարձնի:
Թեյի օգտագործված տոպրակներ
Դուք հավանաբար լսել եք, որ թեյի օգտագործված տոպրակները աչքերի շուրջն ընկած հատվածի վրա փափկեցնող ազդեցություն են գործում` այն արդյունավետորեն ազատելով աչքերի տակի պարկերից: Բայց քչերն են լսել, որ դրանք կարելի է օգտագործել նաեւ սափրվելուց հետո մաշկի գրգռման դեմ պայքարելու համար: Միայն թե տաք տոպրակները մի դրեք մաշկին, թողեք` սառեն:
Կանաչ թեյ
Եթե թեյամանի մեջ մի քիչ կանաչ թեյ է մնացել, մի թափեք: Կանաչ թեյը կարելի է օգտագործել արեւային այրվածքների դեմ պայքարելու համար, որովհետեւ այն հանգստացնող ազդեցություն ունի: Այն կարելի է քսել նաեւ գլխամաշկին:
Կաթ
Կաթը կարելի է հավելել լոգանքին կամ օգտագործել որպես դեմքի դիմակ կամ սկրաբ (թեփուկների կամ մանր վարսակի հետ), եթե արդեն սկսել է թթվել: Այն հանգստացնող ազդեցություն է գործում մաշկի վրա եւ թեփոտում է մեռած բջիջները:






