Սիամական երկվորյակների կեսը զոհվում է դեռեւս մինչեւ ծնվելը եւ սերտաճած երկվորյակների միայն 5-25 տոկոսն է մեկ օրվանից ավելի երկար ապրում: Նրանց կյանքը սովորաբար շատ բարդ է լինում, չէ որ սիամական շատ երկվորյակներ ընդհանուր վերջույթներ եւ նույնիսկ ներքին օրգաններ ունեն:
Որոշ դեպքերում վիրաբույժները կարող են իրարից անջատել սիամական երկվորյակներին` նրանցից յուրաքանչյուրին առավել կամ պակաս նորմալ կյանք ապահովելով: Սակայն հաճախ հնարավոր է լինում փրկել երկվորյակներից միայն մեկին, եւ բժիշկները ստիպված են լինում բարդ որոշում կայացնել` ընտրելով, թե երեխաներից ում գոյատեւման շանս տան: Նրանք ինչո՞վ են առաջնորդվում նման որոշումներ կայացնելիս:
Այդ որոշման վրա, պնդում են իրենք` վիրաբույժները, բազմաթիվ գործոններ են ազդում. սերտաճման տեսակը, երեխաների սեռը եւ քաշը եւ ծննդի պահին վիճակը: Ինչպես եւ կարելի է սպասել, փրկում են երեխաներից նրան, ով ընդհանուր առմամբ ավելի առողջ է եւ գոյատեւման ավելի մեծ շանսեր ունի:
Առավել հաճախ լույս աշխարհ են գալիս տորակոպագներ` երկվորյակներ, որոնց մարմինները սերտաճած են կրծքավանդակի հատվածում: Նման երկվորյակները ընդհանուր սիրտ ունեն, այդ պատճառով անհնար է բաժանել նրանց, իսկ կյանքի տեւողությունը մեծ չէ: Բավականին հաճախ հանդիպում են օմֆալոպագներ, որոնք սերտաճում են կրծքավանդակի ստորին հատվածում. այդ դեպքում յուրաքանչյուր երկվորյակ իր սիրտն է ունենում, իսկ երեխաների իրարից անջատումը եւ վիրահատությունից հետո նրանց ապրելն առավել ռեալ է թվում:
Վերջերս հայտնի է դարձել Հնդկաստանում սիամական երկվորյակ-տղաների ծննդի մասին, որոնք երկու գլուխ ունեին, իսկ մարմինը բոլոր ներքին օրգաններով երկուսի համար մեկն էր: Բժիշկները պետք է վիրահատություն կատարեին, որի արդյունքում կարող էր ողջ մնալ ընդամենը մեկ երեխա: Sion Hospital կլինիկայի մանկական վիրաբույժ Պարաս Կոտարին նշել է, որ բժշկական գրականության մեջ ընդամենը երկու նման դեպք է նկարագրված, երբ վիրահատությունը հաջող է անցել եւ երեխաներից գոնե մեկը ողջ է մնացել:
Նույնիսկ այն դեպքում, եթե անջատումը հնարավոր է եւ վիրահատությունը հաջող է անցնում, դեպքերի ընդամենը 75 տոկոսում է երկվորյակներից գոնե մեկը ողջ մնում: Հետաքրքիր է սակայն, որ աղջիկների մոտ գոյատեւման շանսերը երեք անգամ ավելի բարձր են, քան տղաների մոտ:
Հնդիկ բժիշկները նախատեսել են պարզել, թե սիամական երկվորյակների մոտ որ ուղեղն է «առաջատար» եղել, այսինքն պատասխանատու եղել վերջույթները կառավարելու համար, եւ փրկել հենց այդ ուղեղն ունեցողին:
Սակայն գործը մինչեւ վիրահատություն չի հասել: Հնդկական ԶԼՄ-ները հայտնում են, որ երբ մայրն իմացել է, որ երկու երեխային փրկել չի հաջողվի, նա որոշել է ընդհանրապես հրաժարվել վիրահատությունից: Բժիշկները փորձել են նրան բացատրել, որ վիրահատությունը կփրկի նրանցից գոնե մեկին, մինչդեռ առանց վիրահատության, նրանք ամեն դեպքում երկար չեն դիմանա, սակայն կինը միեւնույն է` հրաժարվել է: Օգոստոսի 20-ին դուրս են գրել հունիսի 27-ին ծնված երեխաներին եւ ծնողները նրանց տուն են տարել: Նրանց հետագա ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:






