Ավելի քան 10 տարի է՝ Մարտին Գերմանը (Գերմանիա) Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի դաշտային հիվանդանոցներում ռազմական վիրաբույժ է աշխատում: Այդ տարիների ընթացքում նա հասցրել է լինել Նիգերիայում, Շրի-Լանկայում, Աֆղանստանում, Սոմալիում, Պակիստանում, Եգիպտոսում, Հարավային Սուդանում, Քենիայում եւ Լիբերիայում: Այդ երկրներում ծավալվող ռազմական գործողությունների ժամանակ Գերմանը եւ նրա գործընկերները բուժել են վիրավոր զինվորների եւ քաղաքացիական անձանց, անխտիր բոլորին՝ անկախ այն հանգամանքից, թե ում կոմնակիցն էին: Որոշ երկրներում նա մի քանի անգամ է եղել:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Գերմանը ներկայացրեց, թե ինչ է նշանակում ռազմական վիրաբույժ լինելը: Նա նաեւ մի քանի հետաքրքիր դեպքեր հիշեց, որոնց բախվել է իր պրակտիկայի ընթացքում:
Ո՞ր երկրում է ավելի բարդ աշխատել
Վիրաբույժի կարծիքով՝ բարդությունները կարելի է երկու խմբի բաժանել՝ մշակութային եւ տեխնիկական:
Թեժ կետերում աշխատող վիրաբույժները ստիպված են հաշվի առնել եւ հարգել տեղական ավանդույթները եւ վարքագծի կանոնները, որոնք, անուշտ, ամեն տեղ տարբեր են: Դա նշանակում է, որ երկու տարբեր երկրներում նույն խնդիրն ունեցող երկու հիվանդներին, հնարավոր է, չհաջողվի նույնանման օգնություն ցույց տալ:
Ռազմական վիրաբույժը երբեմն ստիպված է ոչ միայն վիրավորներին օգնել, այլեւ մասնագետների անբավարարության պայմաններում ամենատարբեր վիրահատություններ կատարել, այդ թվում՝ կեսարյան հատում: Աֆրիկյան երկրներում, օրինակ, բժիշկները սովորաբար հատուկ խնդիրների չեն բախվում՝ տղամարդ վիրաբույժին այստեղ նորմալ են ընդունում եւ թույլ են տալիս կանանց վիրահատել: Բայց ահա ասիական որոշ երկրներում հիվանդ կնոջ ամուսինն անպայման պետք է համաձայնություն տա, որպեսզի կեսարյան հատումը տղամարդ վիրաբույժը կատարի, եւ այդ առումով այնտեղ կարող են դժվարություններ առաջանալ: Բժիշկները ստիպված են հաշվի անել մշակութային համանման առանձնահատկությունները:
Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին՝ Կարմիր Խաչի ռազմական վիրաբույժի աշխատանքում կարեւոր է, թե տվյալ թեժ կետում առողջապահական համակարգն ինչ մակարդակ ունի: Եթե այն քիչ, թե շատ գործում է, բժիշկները շատ ավելի հեշտ են աշխատում: Իսկ եթե երկրում այդ համակարգը շատ թույլ է (ինչպես, օրինակ, Հարավային Սուդանում), կամ հակամարտության ընթացքում բոլոր հիանդանոցները ոչնչացված են, վիրաբույժների գործը բարդանում է: Ժամանելով այդպիսի երկիր՝ նրանք գնահատում են իրավիճակը՝ ինչ կա այդ կետում, եւ ինչի սուր անհրաժեշտություն ունեն: Այնուհետեւ գլխավոր շտաբը որոշում է թե ինչով կարող է օգնել՝ անհրաժեշտ է լիարժեք դաշտային հիվանդանո՞ց ստեղծել՝ բժիշկների եւ կրտսեր անձնակազմի ամբողջական հաստիքներով, թե՞ բավական է վիրաբույժների խումբ ուղարկելը, որը կաշխատի տեղացի բժիշկների հետ:
Սարսափելի չէ՞ թեժ կետերում աշխատելը
Մարտին Գերմանի խոստովանությամբ՝ ռազմական վիրաբույժ աշխատելը յուրովի հետաքրքիր է, դե իսկ մնացածին արագ ես վարժվում: Իհարկե, ռազմական հակամարտության պայմաններում աշխատելիս հնարավոր չէ չլսել կրակոցների եւ պայթյունների ձայները, բայց սովորաբար բժիշկներն իրենց անվտանգության մեջ են զգում:
Բանն այն է, որ իրենց մասնագետներին թեժ կետեր ուղարկելուց առաջ Միջազգային Կարմի Խաչի կոմիտեն բանակցում է հակամարտության բոլոր կողմերի հետ՝ նրանց բացատրելով, որ Կարմիր Խաչի բժիշկները չեզոք են, որեւէ կողմի համակիրը չեն, ռազմական հակամարտությանը չեն մասնակցում, եւ նրանց նպատակը մարդասիրական է՝ բժշկական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող մարդկանց:
Աշխատանքի ընթացքում վտանգներ, իհարկե, լինում են. չէ՞ որ այդ երկրներն, ի վերջո, թեժ կետեր են համարվում: Սակայն եթե բժիշկներին լուրջ վտանգ է սպառնում, Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեն կարող է դադարեցնել գործունեությունը եւ իր բժիշկներին ետ կանչել, մինչեւ իրավիճակը կկարգավորվի, եւ բժիշկները կկարողանան վերադառնալ:
5-ամյա տղայի փրկությունը
Հարավային Սուդանում այն հոսպիտալ, որտեղ Գերմանն էր աշխատում, տեղափոխել են մի փոքրիկ տղայի, որը ոտքի բեկորային վնասվածք էր ստացել: Նա մի քանի օր առաջ էր վիրավորվել, եւ այդ ընթացքում չմշակված վերքը ինֆեկցիայի էր ենթարկվել, իսկ տղայի վիճակը բավական ծանր էր: Բացի այդ, տղան, որ առավելագույնը 5 տարեկան կլիներ, մենակ էր. բժիշկները ոչինչ չգիտեին ո՛չ նրա մասին, ո՛չ նրա ընտանիքի (նրա հարը միայն մի քանի շաբաթ հետո է գտնվել):
Տղային մի քանի անգամ վիրահատել են, ոտքի միջից բեկորները հեռացրել, մի քանի անգամ հեռացրել են բոլոր մեռուկացած հյուսվածքները: Այնուհետեւ սկսվել է հիվանդանոցային երկարատեւ խնամքը. անձնակազմը հետեւում էր նրա վիճակին, կանոնավոր մշակում վերքը: Երեխայի վիճակն աստիճանաբար լավանում էր, եւ օրեցօր նա ավելի ու ավելի վստահ էր շարժվում, սակայն բժիշկները եւ բուժքույրերը մեծ ջանքեր են գործադրել երեխային ոտքի հանելու եւ վերքը բուժելու համար:
Ավելին՝ նրանք ամեն ինչ արել են անդամահատումից խուսափելու համար, քանի որ հասկանում էին, թե դա ինչ բարդություններ կարող է ստեղծել, հատկապես եթե մարդը առողջապահական լավ համակարգ ունեցող զարգացած երկրի ներկայացուցիչ չէ:
Վիրաբույժը նշում է, որ այդ տղայի դեպքը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելը, հատկապես թեժ կետերում: Առանց այդպիսի օգնության, տղան ոչ միայն վերջույթը կկորցներ, այլեւ կարող էր մահանալ ինֆեկցիայի պատճառով, չնայած վերքն ի սկզբանե մահացու չէր:
Հիվանդ, ում գլխին էին կրակել
Երբեք չմոռացվող մյուս դեպքը եւս Հարավային Սուդանում է պատահել: Վիրաբույժի փոխանցմամբ՝ հիվանդին հոսպիտալ էին բերել առանց գիտակցության, չափազանց ծանր վիճակում եւ գլխի թափանցող վերքով՝ գնդակը գլխի մի կետից մտել, մյուսից դուրս էր եկել՝ վնասելով ուղեղը:
Տղամարդու վիճակը կայունացնելով՝ նրա վիրահատարան են տարել, ուղեղի մեռած հյուսվածքները հեռացնելու համար, այլապես նա ողջ չէր մնա:
Նա ուշքի է եկել վիրահատությունից մի քանի օր հետո: Երկու շաբաթ շարունակ նա ոչ մի բառ չի արտաբերել, սակայն աչքերով հետեւել է շուրջը տեղի ունեցող իրադարձություններին. դա նշանակել է, որ նա ինչ-որ բան գիտակցել է, ինչը բժիշկներին շատ է ուրախացրել: Երկու շաբաթ հետո նա սկսել է խոսել՝ ցածր, դանդաղ, սկզբում օրական մի քանի բառ է ասել, հետո արդեն ավելի ու ավելի երկար նախադասություններ:
Վիրավորումը ստանալուց մեկ ամիս անց այդ տղամարդը կարողանում էր նորմալ խոսել եւ քայլել, ավելին՝ նյարդային ոչ մի խնդիր չի ունեցել եւ լիովին վերականգնվել է:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում առանց բարձրորակ օգնության հիվանդը հազիվ թե ողջ մնար: Սակայն հավանաբար հաջողությունն էլ նշանակություն ուներ, քանի որ ուղեղի վիրավորումից հետո այնքան էլ հաճախ չի պատահում, որ վերականգնվեն, ասում է Գերմանը:
Հիշեցնենք, որ Մարտին Գերմանը եւ նրա գործընկեր Մարկո Պինա Պինտորը այժմ Հայաստանում են եւ սեմինարներ են անցկացնում, որոնց ընթացքում հայ բժիշկներին են փոխանցում դաշտային պայմաններում կատարած վիրահատությունների իրենց գիտելիքներն ու փորձը:






