Բարբարա անունով կինը (Լեհաստան) մոտ մեկ ամիս առաջ դժբախտ պատահարի հետեւանքով զրկվել էր գլխամաշկից. Նա կռացել էր միացված գյուղատնտեսական մեքենայի վրա ու նրա մազերը գլխի մաշկի հետ միասին ներս էին քաշվել ՝ զրկելով նրան գլխի մաշկից՝ քթից սկսած մինչեւ վզի ներքեւի մասը: Սովորաբար վնասվածքից հետո խորհուրդ են տալիս 5 ժամվա ընթացքում անցկացնել մաշկի վերապատվաստումը, սակայն Բարբարան միայն 7 ժամ հետո էր հայտնվել վիրահատական սեղանի վրա: Այդուհանդերձ վիրահատությունը հաջող է անցել, ինչի մասին Գլիվիցախի Ուռուցքաբանական կենտրոնի բժիշկները պատմել են մամուլի ասուլիսի ժամանակ:
Պրոֆեսոր Ադամ Մացիեվսկու ղեկավարությամբ վիրահատությունը շարունակվել է մոտ 8 ժամ ու շատ բարդ է եղել: Դրան մասնակցել է 5 վիրաբույժներից, երկու անեստեզիոլոգներից ու 4 բուժքույրերից կազմված թիմը, ընդ որում բժիշկների մի մասին ստիպված ենեղել արձակուրդից հետ կանչել: Վիրահատության ընթացքում պետք էր իրար միացնել մեծ քանակության արյունատար անոթներ, որոնցից մի քանիսը շատ փոքր էին ՝ 1 մմ էլ քիչ տրամագծով: Հիվանդանոցի տնօրեն պրոֆեսոր Կշիշտոֆ Սկլադովսկին հայտել է, որ բոլոր տեղեկությունները, որոնք հայտնի են բժշկությանը, վկայում էին այն մասին, որ վիրահատությունը չի հաջողվի, սակայն վերջին հաշվով կարելի է ասել, որ ռիսկն արդարացված էր :Քանի որ գանգամաշկի պլոկված մասը միանգամից տեղավորել էին ցածր ջերմաստիճանով միջավայրի մեջ, հյուսվածքների նեկրոզ չէր եղել ու հնարավոր է դարձել վերապատվաստել դրանք կնոջը: Հյուսվածքների մի մասն էլ բժիշկները կնոջ ուսերի հատվածից էին վերցրել:
Պրոֆեսոր Մացիեվսկին ո ւ նրա գործընկեր բժիշկ Միրոսլավ Դոբրուտը հավելել են, որ հիվանդի մոտ բարդացումների զարգացման հավանականությունը փոքր է, քանի որ գանգամաշկի արյան մատակարարումը լիարժեք է, ինֆեկցիաներ ու նեվրոլոգիական խանգարումներ չկան:
Հիմա Բարբարան ապաքինվում է ու առաջիկա օրերին դուրս է գրվելու հիվանդանոցից:






