Նոր դեղամիջոցը երկու անգամ նվազեցնում է ասթմայի լուրջ նոպայի զարգացման հավանականությունը, նշանակում է` պոտենցիալ առումով կարող է հազարավոր կյանքեր փրկել: Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ի եւ Կանադայի գիտաշխատողները:
Wake Forest School of Medicine-ում (ԱՄՆ) եւ University of British Columbia-ում (Կանադա) երկու զուգահեռ հետազոտություն են անցկացրել, որոնց շրջանակում հետեւել են ավելի քան 2500 հիվանդի վիճակին: Հետազոտությունները ցույց են տվել, որ բենրալիզումաբի ամենամսյա ներարկումները 51 տոկոսով նվազեցնում են ասթմայի այնպիսի ախտանիշների առաջացումը, ինչպիսին են խռռոցները, շնչահեղձությունը եւ կրծքում նեղվածության զգացումը: Այդ տվյալները կարող են մեծ օգուտ բերել այն մարդկանց, ում հիվանդությունն արդեն չի բուժվում գլյուկոկորտիկոստերոիդներով եւ այլ դեղամիջոցներով:
Բենրալիզումաբի հիմքում ընկած է պրոտեինը, որը գրավում «թշնամական» բջիջները եւ դրանք տեղափոխում է դեպի իրենց աղբատար բջիջները (մակրոֆագները): Կոնկրետ դեպքում «թշնամական» բջիջներ են համարվում զոզինոֆիլները, որոնք ասթմայի նոպաներ են առաջացնում:
Վեյք Ֆորեստի բժշկական քոլեջի առաջատար հեղինակ Յուջին Բլիքերը բացատրել է, որ ասթմայի լուրջ, չվերահսկվող ձեւով տառապող հիվանդների համար այնքան էլ շատ չեն բուժման հնարավորությունները, որովհետեւ նրանք արդեն գլյուկոկորտիկոստերոիդներ եւ բետա-ադրենոմիմետիկներ են ընդունում: Լրացուցիչ թերապիա նշանակելը բարդ է: Բենրալիզումաբը հասցեաբար ոչնչացնում է զոզինոֆիլներին եւ նրանց քանակը զգալիորեն նվազում է թերապիայի չորրորդ շաբաթում արդեն: Գիտնականների երկրորդ խումբը գլխավորած պրոֆեսոր Մարկ Ֆիցջերալդը University of British Columbia-ից հավելել է, որ լուրջ վիճակների բուժման համար լրացուցիչ դեղամիջոցները ծայրաստիճան անհրաժեշտ են:
Ասթման խրոնիկական հիվանդություն է, որով ամբողջ աշխարհում ավելի քան 200 մլն մարդ է տառապում: Գիտնականներն ամբողջ աշխարհում աշխատում են այդ հիվանդության նոր մեթոդների ստեղծման ուղղությամբ, բացի այդ, պրոֆիլակտիկայի նոր մեթոդների վրա` ուսումնասիրելով այն գործոնները, որոնք կարող են ազդել ասթմայի զարգացման վրա:






