Ցնցուղումը ոչ միայն անօգուտ է հիգիենայի տեսանկյունից, այլեւ վտանգավոր է. այն մեծացնում է մարդու պապիլոմավիրուսով վարակման ռիսկը, զգուշացնում են Թեքսասի համալսարանի գիտնականները:
Վերջերս գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով ցնցուղում անող կանայք գրեթե կրկնակի անգամ ավելի են ենթակա ձվարանների քաղցկեղի բախվելու վտանգին: Այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ցնցուղումը բարձրացնում է նաեւ մարդու պապիլլոմավիրուսով վարակման ռիսկը:
Թեքսասի համալսարանի գիտնականներն իրենց առաջ խնդիր են դրել 1271 կնոջ մոտ կապ հայտնաբերել ցնցուղման եւ վիրուսի միջեւ: Հետազոտության բոլոր մասնակիցները 20-ից 49 տարեկան էին, նրանց դիտարկումն իրականացվել է 2004 թվականին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ցնցուղման պրակտիկան 26 տոկոսով մեծացնում է ՄՊՎ-ով վարակման ռիսկը:
Journal of Infectious Diseases ամսագրի հրապարակած հետազոտությունը եւս ցույց է տվել, որ ցնցուղում կատարող կանայք 40 տոկոսով ավելի հաճախ են վիրուսի այնպիսի շտամմ ստանում, որը ձվարանների քաղցկեղ է առաջացնում: Եվ չնայած այդ հետազոտության եզրահանգումները պատճառահետեւանքային կապի ապացույց չեն, այնուամենայնիվ չարժե, որ կանայք իրենց նման ռիսկի ենթարկեն:
«Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել այն հանգամանքները, որոնց դեպքում ցնցուղումը կարող է թեկուզ մի քիչ օգտակար լինել, չէ որ այդ պրոցեդուրայի ընթացքում կանայք իրենց հեշտոցից լվանում են նաեւ առողջ բակտերիաները, - նշել է Մեծ Բրիտանիայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջի պրոֆեսոր Ռոննի Լամոնտը: - Եթե բնությունը ցանկանար, որ հեշտոցից վարդի եւ նարդոսի հոտ գար, այն հենց այդպիսին կլիներ: Հեշտոցը մաքրման բնական համակարգ ունի սեփական արտազատումների հաշվին, այսինքն ոչ մի պատճառ չկա այդ նպատակի համար ջրի ուղղորդված հոսք օգտագործելու»:






