Հայ շատ երեխաների եւ նրանց ծնողների համար բժշկի գնալն իսկական փորձություն է, ընդ որում, հաճախ արցունքներով հիստերիկան սկսվում է ավելի վաղ, քան նրանք կգան բուժհաստատություն. շատ երեխաների մոտ նույնիսկ «բժիշկ» բառը խուճապ է առաջացնում, իսկ սպիտակ խալաթներով մարդկանցից, նույնիսկ` ամենաքնքուշ եւ համբերատար, նրանք ավելի շատ են վախենում, քան ուրիշ որեւէ մեկից, նույնիսկ եթե նրանց ոչ մի ցավոտ պրոցեդուրա չի արվել:
Ոմանց կարող է թվալ, թե բոլոր երեխաներն են վախենում բժիշկներից, անկախ այն բանից, թե որտեղ են ապրում եւ ինչպես են դաստիարակվում, բայց դա բոլորովին այդպես չէ: Օրինակ` եվրոպական երկրներում ապրող երեխաները սովորաբար չեն վախենում բժիշկներից եւ հանգիստ գնում են բժշկական կենտրոններ:
Ուրեմն ինչո՞ւ են հայ երեխաներն այդքան վախենում բժիշկներից: Ո՞վ է մեղավոր դրա համար:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կարծում է, որ բժիշկներին եւ բժշկությանը երեխայի վերաբերմունքը կախված է նրանից, թե նա դրա մասին ինչ է լսել մեծերից, ինչպես նաեւ նրանից, թե սովորաբար ինչպես են «վախեցնում» նրան, եթե իրեն վատ է պահում:
Հայկական շատ ընտանիքներում ծնողները, չհասկանալով, թե դա ինչի կհանգեցնի, երեխաներին վախեցնում են` հետեւյալ ֆրազներն օգտագործելով. «Քեզ լավ պահիր, թե չէ քեզ բժշկի մոտ կտանենք / բժիշկ կկանչենք եւ նա կսրսկի քեզ /ոստիկանություն կկանչենք /քեզ մանկատանը կթողնենք»:
Երբ երեխան ծնողներից նման ֆրազներ է լսում, նրա մոտ բժշկի հանդեպ բացասական վերաբերմունք է ձեւավորվում. նա սկսում է մտածել, որ բժիշկը մարդ է, որը պատժում է իրեն, ոչ թե օգնում: Այդ պատճառով նա սկսում է վախենալ բժիշկներից, իսկ երբ նրան իրոք բժշկական օգնություն է անհրաժեշտ լինում, նա չի ուզում հիվանդանոց գնալ: Քանի որ եվրոպական երկրներում ընդունված չէ երեխաներին վախեցնել բժիշկներով եւ ներարկումներով, նրանք սովորաբար այնպիսի վախ չեն ունենում, ինչպիսին հայ երեխաների մոտ է:
Իսկ ինչո՞ւ են հայ ծնողներն իրենց երեխաներին նման բաներ ասում:
Շատ ծնողներ, հոգեբանի կարծիքով, անգիտակցաբար են անում դա. նրանք չեն պատկերացնում, թե իրենց խոսքերն ինչ հետեւանքներ կունենան:
«Ես միշտ ասում եմ այն ծնողներին, որոնց հետ աշխատում եմ. հիշեք, Ձեր ամեն բառը, ինչպես նաեւ Ձեր պահվածքը ազդում է երեխայի անհատականության զարգացման վրա: Այսօր ասված սխալ բառը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ եւ ազդել երեխայի հետագա ամբողջ կյանքի վրա, հանգեցնել վախերի եւ կարծրատիպերի առաջացման, որոնք շատ երկար կխանգարեն նրան», - ասել է Լիլիթ Խաչատրյանը:
Իհարկե, հիվանդանոց գնալն արդեն իսկ սթրես է երեխայի համար, որովհետեւ նրան տհաճ եւ ցավոտ պրոցեդուրաներ կարող են սպասել այնտեղ: Իսկ եթե մանուկ հասակից երեխային ոչ համարժեք վախեր են ներշնչել բժիշկների եւ հիվանդանոցների վերաբերյալ եւ եթե նրան ինչպես հարկն է, չեն նախապատրաստել հիվանդանոց գնալուն, այդ այցն իրոք էլ ցավոտ փորձություն կդառնա ինչպես երեխայի, այնպես էլ նրա ծնողների համար:
Ինչպե՞ս երեխային ճիշտ նախապատրաստել բժշկի մոտ գնալուն:
Նախ եւ առաջ կարեւոր է հիշել, որ չի կարելի երեխային վախեցնել ներարկումներով եւ բժշկական այլ պրոցեդուրաներով` երբեք եւ ոչ մի հանգամանքում: Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս այցից առաջ երեխային բացատրել, թե իրենք ուր են գնում եւ ինչու: Պետք է անպայման երեխային ասել, որ բժշկական պրոցեդուրաները կարող են ոչ այնքան հաճելի լինել, նրա համար կարող է նույնիսկ մի քիչ ցավոտ լինել, բայց այդ պրոցեդուրաներն անհրաժեշտ են նրա առողջությանը: Եթե այդ ամենը չասվի երեխային, եթե նրան խաբեությամբ տանեն բժշկի մոտ, որտեղ նրանք կարող են ներարկումներ կամ նույնիսկ այլ տհաճ պրոցեդուրաներ անել, երեխան լուրջ սթրես կապրի եւ կկորցնի վստահությունը եւ ծնողների, եւ բժիշկների հանդեպ, զգուշացնում է հոգեբանը:






