Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու ինվազիվ սրտաբանության ծառայության մատուցման մատչելիություն՝ սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնում է մինչեւ 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչեւ 140 000 (հարյուր քառասուն հազար) դրամ: Այս մասին հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ստենտավորման գներն արդեն իջեցրել են «Աստղիկ» բժշկական կենտրոնը եւ Գյումրիի հիվանդանոցը։
NEWS.am Medicine-ն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանում եւ հարեւան Վրաստանում ստենտավորման գների մեծ տարբերությունը հանգեցրել էր ստենտավորման նպատակով հայ հիվանդների Թբիլիսի մեկնելուն: Մեր հաշվարկներով՝ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, գները երկու, երբեմն երեք անգամ ավելի էժան էին: Այնպես որ, ստենտավորման էժանացումը Հայաստանի համար անչափ հրատապ է:






