Զինված հակամարտություններում վնասվածք ստացած հիվանդները, վիրաբուժական օգնությունից բացի, նաեւ հիվանդանոցային լավ խնամքի, ճիշտ սննդի եւ լավ վերականգնման կարիք ունեն:  Դրա համալիրն է, որ կարող է նրանց լիարժեք վերականգնում ապահովել:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վիրաբույժ Մարտին Գերմանը (Գերմանիա) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեից (ԿԽՄԿ):

Նրա խոսքով, իդեալականն այն է, որ վնասվածք ստացած հիվանդի հետ մասնագետների ամբողջական խումբ աշխատի` վիրաբույժ, բուժքույրեր եւ ֆիզիոթերապեւտներ:  Լուրջ վնասվածքների դեպքում հիվանդի կյանքը փրկելու համար սովորաբար վիրահատական միջամտություն է անհրաժեշտ լինում. առանց ճիշտ կատարված վիրահատության,  բուժման մնացած բոլոր մեթոդները կարող են անօգուտ լինել:  Իսկ երբ հիվանդի կյանքին արդեն վտանգ չի սպառնում, սկսվում է վերականգնման երկար ժամանակահատված, եւ այդ ժամանակ ֆիզիոթերապիան կարող է շատ եւ շատ օգտակար լինել. այն հիվանդին օգնում է վերականգնել վերջույթների շարժունակությունը եւ վերադառնալ նորմալ կյանքի:  Առանց ֆիզիոթերապիայի, հիվանդը հազիվ թե կարողանա լավ եւ լիարժեքորեն վերականգնվել:  

Մասնագետի խոսքով, շատ կարեւոր է նաեւ, որ վնասվածքներից հետո վերականգնվող հիվանդը լավ եւ ճիշտ սնվի:  Որպեսզի վնասված հյուսվածքներն ավելի արագ վերականգնվեն, անհրաժեշտ է, որ օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը:  

Մասնագետը նշել է, որ Հայաստանում սնունդը խնդիր չէ, սակայն կան երկրներ, որտեղ սննդամթերքի սուր պակաս է զգացվում:  Նման երկրներում վիրավորների ապաքինումն ավելի դանդաղ է ընթանում. նրանց վերքերը դժվարությամբ են ապաքինվում, որովհետեւ օրգանիզմին պակասում է «շինանյութը»:

Հիշեցնենք, որ Մարտին Գերմանը, որն արդեն ավելի քան 10 տարի վիրաբույժ է աշխատում աշխարհի թեժ կետերում գտնվող դաշտային հիվանդանոցներում, Հայաստան է եկել գործընկերոջ` Մարկո Պինա Պինտորի հետ (Իտալիա), որպեսզի եռօրյա սեմինարի ընթացքում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) մասնագետները հայ բժիշկներին ներկայացնեն դաշտային պայմաններում վիրահատությունների անցկացման իրենց գիտելիքները եւ փորձը: