Ռուսաստանցի բժիշկները ստորագրում են change.org կայքում հայտնված էլեկտրոնային պահանջագիրը` «Օրենսդրորեն պաշտպանել բժիշկներին, իսկ առողջապահության նախարար Վ. Սկվորցովային պաշտոնանկ անել»: Նման վերջնագրի հայտնվելու պատճառը դարձել է ռուսաստանյան Օրեխովո-Զուեւո քաղաքում բժիշկ-ռենտգենոլոգի դաժան ծեծը, որը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի վերջին: 

Բժշկին դաժանաբար ծեծել է հիվանդ կնոջն ուղեկցող տղամարդը, նրան թվացել է, որ ռենտգենոլոգիական կաբինետի հերթը չափազանց դանդաղ է առաջանում:  Նախ նա եւ իր քույրը սկսել են բժշկի հետ վիճել, հետո ծեծկռտուք է սկսվել:   Այժմ բազմաթիվ վնասվածքներ ստացած ռենտգենոլոգը հիվանդանոցում է, իսկ նրանց ծեծած տղամարդը կալանքի է առնվել. նրան կասկածում են կանխամտածված եղանակով առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու մեջ` իր ծառայողական գործունեությունն իրականացնող անձի նկատմամբ խուլիգանական մղումներից ելնելով:  Հայտնի է, որ կասկածյալը բազմիցս դատվել է, այդ թվում նաեւ` առողջությանը կանխամտածված կերպով վնաս հասցնելու համար: 

Հետաքրքիր է, որ սա բժշկի վրա հարձակվելու առաջին դեպքը չէ այս հիվանդանոցում. մի քանի ամիս առաջ մեկ այլ  բժիշկ ծեծվել էր տղամարդկանց կողմից, որոնք ուղեկցում էին ընդունարան բերված` պանկրեատիտով տառապող հիվանդին: 

Ամառվա սկզբին ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան խոստացել է «ուսումնասիրել նման իրավախախտումների համար պատասխանատվության խստացման հարցը»:

«Վերոնիկա Սկվորցովան խոստացել է բժիշկներին պաշտպանող օրենսդրական բազա մշակել: Սակայն բուժաշխատողներին շարունակում են ծեծել, խեղել, էլ չասած վիրավորանքների մասին: Միաժամանակ Առողջապահության նախարարության կողմից ոչինչ չի արվում եւ, ամենայն հավանականությամբ, դատ նախատեսված չէ», – ասված է պահանջագրի էջում:

Պահանջագրի հեղինակները դիմում են նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` խնդրելով քննարկել ՌԴ առողջապահության նախարարի պաշտոնանկության հնարավորությունները, ինչպես նաեւ նրանց խնդրում են «նախաձեռնությամբ հանդես գալ` խստացնելու պատասխանատվությունը բուժաշխատողների վրա հարձակումների համար, որովհետեւ նախարարն անձամբ ի վիճակի չէ հոգ տանել դրան»:

Այսօրվա դրությամբ ավելի քան 4000 մարդ ստորագրել է պահանջագիրը: Նախաձեռնության հեղինակների նպատակը 5000 ստորագրություն հավաքելն է: