Երկվորյակների դեպքում հնարավոր է էականորեն կրճատել նորածինների մահվան ռիսկը, եթե նրանք սահմանված ժամկետից երեք շաբաթ շուտ ծնվեն: Հետազոտության հեղինակները երկվորյակների սպասող կանանց խորհուրդ են տալիս ծննդաբերությունն իրականացնել   37 շաբաթական հղիության ժամկետում, ոչ թե 40, ինչպես դա ավանդաբար ակնկալվում է: 

Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է վերջին տասը տարվա ընթացքում հրապարակված 32 աշխատանքի արդյունքները: Դրանցում տվյալներ են պարունակվում երկվորյակներ սպասող կանանց մասին, ում հղիությունն առանց բարդությունների է անցել, հղիության ժամկետների, ինչպես նաեւ մեռած ծնված կամ կյանքի առաջին ամսվա ընթացքում մահացած երեխաների տոկոսի մասին:  Ընդհանուր առմամբ երկվորյակների ծննդի ավելի քան   35 հազար դեպք է ուսումնասիրվել:

Հետազոտողները ջանացել են հավասարակշռություն գտնել առաջացած ժամկետում մեռած երեխայի ծննդի ռիսկի եւ վաղաժամ ծննդաբերության ընթացքում նորածնի համար վտանգի միջեւ:  Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ դիխորիալ երկվորյակների (ընկերքի բաժանմամբ) մոր համար հղիության օպտիմալ ժամկետը  37 շաբաթ է կազմում: Մոնոխորիալ (առանց ընկերքի բաժանման զարգացող) երկվորյակների ծննդի լավագույն ժամկետը հաշվարկելու համար անհրաժեշտ է ավելի շատ տվյալներ հավաքել, հայտնել են գիտնականները:  

Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ դրա արդյունքները կօգնեն նվազեցնել մեռած ծնված եւ ծննդից հետո առաջին ամիսների ընթացքում մեռած երեխաների թիվը: