ԱՄՆ-ից կենսաբանները հայտնաբերել են, որ Զիկայի վիրուսը կարող է վարակել աչքերի հյուսվածքները, դրանց աշխատանքում լուրջ խախտումներ առաջացնել եւ տարածվել արցունքների միջոցով, ասված է Cell Reports ամսագրում հրապարակված հոդվածում: 

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ աչքերը կարող են այն վայրը լինել, որտեղ կարող է թաքնվել Զիկա վիրուսը: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե  արդյոք վիրուսի «մարտական» տարբերակն առկա է այդ հիվանդությամբ հիվանդացած բոլոր մարդկանց աչքերում եւ պարզել, թե վարակը որքան երկար կմնա դրանց ներսում», — հայտնել է Մայքլ Դայմոնդը (Michael Diamond) Վաշինգտոնում Սենտ-Լուիսի համալսարանից (ԱՄՆ):

Այս տարվա մարտին ԱՄՆ-ից նեյրոֆիզիոլոգները հայտնել էին, որ հղի կանանց` Զիկայի վիրուսով վարակման դեպքում երեխայի մոտ միկրոցեֆալիայի զարգացման պատճառն այն է, որ այդ պաթոգենի մասնիկները լավ ներթափանցում են ցողունային բջիջներ, որոնք ապագա նյարդային հյուսվածքի «հումք» են հանդիսանում, եւ դրանց զանգվածային մահացություն են առաջացնում:  

Քիչ անց գիտնականները հայտնաբերել են, որ վիրուսը վնասում է ոչ միայն ուղեղը, այլեւ սաղմերի աչքերի ցանցենին` կուրություն կամ տեսողական լուրջ խնդիրներ առաջացնելով` օգտագործելով նույն մեխանիզմները, ինչ ուղեղի բջիջներում:  Ի սկզբանե կենսաբանները կարծում էին, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն մոր արգանդում եւ որ ուղեղի եւ աչքերի` Զիկա վիրուսով կրկնակի վարակումը սկզբունքորեն անհնար է: 

Դայմոնդն ու իր գործընկերները պարզել են, որ իրականում դա կարող է տեղի ունենալ եւ որ նման բաներ պատահում են բավականին հաճախ` ուղղակի հետեւելով, թե Զիկան ինչպես է տարածվում սովորական լաբորատոր մկների օրգանիզմում, որոնց գիտնականները վիրուսով վարակել են մոծակների խայթոցը նմանակող սարքի օգնությամբ: 

Ի մեծ զարմանս կենսաբանների, վարակումից յոթ օր անց վիրուսի մասնիկներ են հայտնաբերվել կրծողների ակնախնձորների ներսում: 

Ամեն դեպքում փորձարկման նման ելքը նշանակում է, որ Զիկա վիրուսը կարող է տեսականորեն մարդուց մարդուն փոխանցվել արցունքի միջոցով, ինչը զգալիորեն մեծացնում է նրա հետագա տարածման հավանականությունը այն գոտուց դուրս, որտեղ ապրում են նրա հիմնական փոխանցողները`  Aedes aegyptii մոծակները, որոնք ի վիճակի չեն ապրել չափավոր լայնություններում: 

Դա, իր հերթին, նշանակում է, որ Զիկայի համաճարակը կարող է տարածվել ամբողջ երկրագնդով եւ չի սահմանափակվի միայն այն գոտով, որտեղ այդ մոծակների պոպուլյացիաներ կան: Դրա մասին է վկայում այն, որ Զիկայի վիրուսը Լատինական Ամերիկայով ավելի արագ է տարածվում, քան կանխատեսում են վարակման միայն   «մոծակային» ուղին հաշվի առնող մոդելները: