Տեքսասցի 46-ամյա կինն ասել է, որ հնարավոր է՝ ՄԻԱՎ-վիրուսով վարակվել է իգական սեռի ՄԻԱՎ-վարակակրից, հայտնում են Ամերիկայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները:
Կինը, որի անունը չի հրապարակվում, նախկինում հետերոսեքսուալ հարաբերություններ է ունեցել, բայց վերջին 10 տարվա ընթացքում նա միայն նույնասեռական հարաբերություններ է ունեցել:
Նրա ՄԻԱՎ-ով հիվանդ 43-ամյա զույգը վերջին 6 ամսում նրա միակ զուգընկերուհին է եղել: Նա վիրուսով վարակվելու ոչ մի ուրիշ ռիսկի գործոն չի ունեցել՝ ներարկում, օրգանների փոխպատվաստում, դաջվածք, ասեղնաբուժություն կամ առանց պաշտպանվելու սեքս տարբեր զուգընկերների հետ:
Վիրուսի շտամմը, որով նա վարակվել է, 98%-ով համընկնում է նրա զուգընկերուհու շտամմին, փոխանցում են կենտրոնները, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Զուգընկերուհիներն ասել են, որ ոչ մի խորհրդատվություն չեն ստացել անվտանգ սեքսի մասին, եւ իրենց ոչնչում չեն սահմանափակել:
«Նրանք իրենց սեռական ակտերը նկարագրել են որպես կոպիտ, ընդհուպ մինչեւ երկուսի արնահոսություն,- փոխանցում են կենտրոնները:- Նրանք նաեւ հայտնել են, որ չպաշտպանված սեռական ակտ եղել է զուգընկերուհիներից մեկի դաշտանային ցիկլի ժամանակ եւս»:
Կենտրոնները զգուշացնում են, որ չնայած նման դեպքերը եզակի են՝ ՄԻԱՎ-վարակը կարող է մի կնոջից փոխանցվել մեկ ուրիշին՝ հեշտոցային հեղուկի եւ դաշտանի արյան միջոցով:






