Սոունսիի համալսարանի բժշկական դպրոցի (Մեծ Բրիտանիա) գիտնականները թեստ են մշակել արյան անալիզի հիման վրա, որը թույլ է տալիս քաղցկեղը հայտնաբերել ավելի շուտ, քան ի հայտ կգա նրա որեւէ ախտանիշ:
Հայտնագործությունը ներկայացվել է Սոունսիում Բրիտանական գիտության փառատոնին: Հեղինակներն իրենց հայտնագործությունը համեմատել են ծխի դետեկտորի հետ, որովհետեւ այն օգնում է հայտնաբերել ոչ թե հենց հիվանդությունը, այլ դրա նշանները` արյան կարմիր մարմիններում սպիտակուցների մուտացիաները: Արյան համեմատաբար պարզ (թեստը մի քանի ժամ է տեւում ստանդարտ լաբորատոր սարքավորումների վրա) եւ էժան անալիզը կարող է օգտագործվել այն մարդկանց մոնիտորինգի համար, որոնք ուռուցքային հիվանդությունների առումով ռիսկի խմբի մեջ են մտնում:
Հետազոտողները թեստի ստեղծման վրա աշխատել են վերջին չորս տարվա ընթացքում` ուսումնասիրելով 300 առողջ մարդու, հիվանդության նշաններ ունեցող հիվանդների եւ նրանց, ում մոտ արդեն կերակրափողի քաղցկեղ էին ախտորոշել: Արդյունքում պարզվել է, որ առողջ մարդկանց մոտ արյան կարմիր մարմինների սպիտակուցների մուտացիաների թիվը միջինը միլիոնին մոտ հինգ է կազմում, մինչդեռ ուռուցքային հիվանդների մոտ` միլիոնին 50-ից մինչեւ 100: Այդ մուտացիան դեր չի խաղում քաղցկեղի զարգացման գործում, բայց հիվանդության առաջացրած «կողմնակի վնաս» է հանդիսանում:
Միաժամանակ վաղ ախտորոշումը հաջող բուժման առանցքային գործոն է հանդիսանում: Եթե ուռուցքը հայտնաբերվում է մարմնի մի մասում եւ չի հասցնում մետաստազներ տալ, անհամեմատ ավելի մեծ են շանսերը, որ կհաջողվի վիրահատական եղանակով հաղթահարել հիվանդությունը:
Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Գարետ Ջենկինսի կարծիքով, կերակրափողի քաղցկեղն այդ աստիճան մահացու է, որովհետեւ ավելի բարդ է այն վաղ փուլում հայտնաբերելը: Միջին հիվանդը մոտավորապես մեկ տարի է ապրում ախտորոշումից հետո, եւ նրանց միայն 15 տոկոսը` հինգ տարի:
Այժմ գիտնականները զբաղվում են նրանով, որ ախտորոշման իրենց մեթոդիկան ստուգում են ուռուցքային հիվանդությունների այլ տեսակների վրա:






