Ամերիկացի գիտնականները սովորել են գրեթե անսխալ պարզել մարդու ինքնությունը ոչ միայն ԴՆԹ-ով, այլեւ նրա մազերում պարունակվող սպիտակուցներով, ինչը կմեծացնի քրեական փորձաքննության ճշգրտությունը եւ կօգնի պարզել հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված մարդկանց ինքնությունը:
«Այսօր մենք մոտավորապես նույն փուլում ենք, որում ԴՆԹ-ի անալիզը գտնվում էր իր գոյության առաջին օրերին: Այս մեթոդը նոր հեղափոխություն կառաջացնի քրեաբանության մեջ, եւ չնայած մենք շատ բան ենք արել այն ստեղծելու համար, դեռեւս շատ բան կա, որ կարող էինք անել նրա ներուժի ամբողջական իրացման համար», — հայտնել է Բրեդ Հարտը (Brad Hart) Լիվերմորում Լոուրենսի անվան Ազգային լաբորատորիայից (ԱՄՆ):
Հարտն ու իր գործընկերները պնդում են, որ իրենց ստեղծած` սպիտակուցային անալիզի մեթոդիկան թույլ է տալիս ճշգրտորեն պարզել ինքնությունը ոչ միայն մարդու մահից հետո առաջին ժամերին, այլեւ նույնիսկ նրա մահվանից մի քանի հարյուրամյակ անց. գիտնականների խոսքով, իրենք կարողացել են հաջողությամբ ճանաչել մի քանի մարդու, որոնք մահացել էին ավելի քան 250 տարի առաջ:
Մեթոդիկան հետեւյալն է. գիտնականները մազերը տարրալուծում են հատուկ նյութերում, որոնք չեն ավերում դրանց ներսում սպիտակուցների քիմիական կառուցվածքը, եւ վերլուծում են խառնուրդի կազմը` փնտրելով դրանում սպիտակուցների կառուցվածքի 185 մուտացիաների համադրություն, որը բացառիկ է երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդու համար:
Սպիտակուցների նման հավաքածուն ավելորդ է. իրականում, ճշգրիտ նույնականացման համար բավարար է նաեւ մոտավորապես հարյուր այդպիսի կենսաբանական նշիչը: Այժմ Հարտի թիմն աշխատում է այդ մեթոդիկայի պարզեցման եւ էժանացման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի այն գործնականում կիրառել քրեական հետաքննությունների եւ պեղումների ընթացքում:
Գիտնականներն այդ մեթոդիկայի աշխատանքը ստուգել են եվրոպական ծագմամբ մի քանի ամերիկացու վրա, որոնք համաձայնել են արյուն եւ մազեր հանձնել ԴՆԹ-ի եւ սպիտակուցային թեստերի համար: Կենսաբանների խոսքով, նրանցից յուրաքանչյուրի անձը հնարավոր է եղել ճշգրտորեն պարզել, ինչը ճանապարհ է բացում մազերի շատ փոքր քանակության միջոցով հանցագործների անձը պարզելու համար: Դրա համար, ամփոփում են գիտնականները, հերիք է ընդամենը 1 մգ զանգվածով նմուշը, ինչը մի քիչ ավելի է, քան այն, ինչ պարունակվում է մեկ մազում:






