4-5 տարեկանից սկսած՝ երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում սեփական եւ իրենց հասակակիցների մարմնի նկատմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ մանկապարտեզում դաստիարակչուհին նրանց տեսնում է «անպարկեշտ» զբաղմունքով տարված՝ սկսելով պարզել, թե ինչ է դա եւ ով է այդ «միջոցառման» նախաձեռնողը: Շփոթված երեխաները, բնականաբար, մեկը մյուսի վրա են գցում՝ ասելով, օրինակ, որ իրենք պարզապես «մայրիկ-հայրիկ» էին խաղում: Դաստիարակչուհին զանգում է ծնողներին եւ ասում. «Դուք մի նախատեք երեխային, բայց բացատրեք, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»: Ի՞նչ պետք է անեն մանկավարժը եւ ծնողը նման փակուղի իրավիճակներում, ինչպե՞ս եւ ի՞նչ բառերով արձագանքեն երեխայի վարքին:
NEWS.am Medicine-ի այս հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
- Երեխայի զարգացման ընթացքում անպայման գալիս է ժամանակ, երբ նա սկսում է հետաքրքրվել՝ ինչով են տղաները տարբերվում աղջիկներից: Նախեւառաջ, դա արտահայտվում է նրանով, որ փոքրիկն ամեն ինչ տանում է բերանը կամ փորձում է դիպչել, այդ թվում՝ սեփական մարմնին:
Սեռական օրգանները նրա համար նույնքան հետաքրքիր են, որքան մատները կամ ծնկները, երեխան դրանք ուսումնասիրում է՝ պարզելու, թե ինչի համար են դրանք: Շոշափելով ինքն իրեն՝ երեխան գտնում է իր սեռական օրգանն ու սկսում այն ակտիվորեն հետազոտել, եւ հաճելի զգացողություններ հայտնաբերելով՝ կարող է նոր գործածություն փնտրել իր «գտածոյի» համար: Հաճախ կրկնօրինակելով մեծահասակների վարքը՝ երեխաները սկսում են մեր՝ մեծերիս կարծիքով, անվայել խաղեր խաղալ:
Եթե Դուք կարծում եք, որ փոքրիկի ուշադրությունը սեռական օրգանների նկատմամբ չափազանց մեծանում է, ոչ մի դեպքում նրան մի քաշքշեք, մի ապտակեք կամ մի պատժեք այն պահին, երբ նա հետաքրքրությամբ ուսումնասիրում է սեփական մարմնի հնարավորությունները: Փորձեք զգուշորեն, աննկատ նրա ուշադրությունը սեւեռել մեկ այլ բանի վրա:
- Իսկ ինչո՞ւ պարզապես չհարցնել՝ «Փոքրիկ, քեզ հետաքրքի՞ր էր, թե ինչով են տղաները տարբերվում աղջիկներից: Եվ ի՞նչ ես պարզել»: Եվ նրա հետ խոսել այդ մասին…
- Դա եւս տարբերակ է… Բայց հիշեք՝ երեխային պետք է տալ միայն այն պատասխանները, որոնք նրան հետաքրքրում են տվյալ պահին՝ խոսելով բացառապես այն մասին, ինչ նա հարցնում է: Կարճ, սեղմ ու միանշանակ:
Երեխային աստիճանաբար ծանոթացրեք վարքի համընդհանուր կանոններին: Սովորաբար դրա համար հատուկ ջանքեր չեն պահանջվում: Փոքրիկը տեսնում է, որ ընդունված չէ հասարակության մեջ մերկ լինելը՝ չնայած եթե նա պատահմամբ մայրիկին կամ հայրիկին տեսնի առանց ներքնազգեստի, դրանում էլ սարսափելի ոչինչ չկա: Նախ պետք է հանգստանալ, ինքնատիրապետումը չկորցնել:
Նրանում, ինչ դաստիարակչուհին պատմել է, հանցավոր ոչինչ չկա, դա լրիվ նորմալ փուլ է, որով անցնում են 4-6 տարեկան բոլոր երեխաները: Ներկայումս ընդունված է վատաբանել ազատ բարքերը՝ ասելով, որ բոլոր կողմերից երեխաների վրա սեռական թեմաներ են շրջվում: Բայց հիշեք Ձեր մանկությունը: Բոլոր ժամանակներում, ներառյալ՝ երբ բոլոր կրպակներում չեն եղել կիսամերկ գեղեցկուհիների լուսանկարներով ամսագրեր, եւ անկողնային տեսարանները պարտադիր կերպով հանվել են ֆիլմերից, երեխաները «մայրիկ-հայրիկ», «բժիշկ եւ հիվանդ», «փեսացու եւ հարսնացու» եւ այլ խաղեր են խաղացել:
Պետք չէ երեխային պատժել «արգելված խաղերի» մասնակցելու համար: Քանի խեղված ճակատագիր, քայքայված ընտանիք կա այն բանի հետեւանքով, որ ծնողները ժամանակին «հիմարությունը հանել են» իրենց երեխայի գլխից՝ դրանով իսկ վախ եւ անհաղթահարելի զզվանք ներշնչելով սիրո ֆիզիկական արտահայտման նկատմամբ: Գնահատեք վստահությունը, որը երեխան ունի Ձեր հանդեպ: Ոչ բոլոր երեխաներն են իրենց ծնողներին պատմում այդպիսի դեպքերի մասին՝ չնայած գրեթե բոլորը՝ այսպես, թե այնպես, իրենց զարգացման որոշակի փուլում անցնում են այդ ամենի միջով:
Յանա Ավչիյան






