Հոկտեմբերի 1-ից 14-ը, Ֆրեզնոյում Հայաստանի Պատվավոր Հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, 28 հայ եւ օտարերկրյա բժիշկներ կժամանեն Հայաստան (Երեւան եւ Գյումրի) եւ Արցախ՝ բժշկական եւ վիրահատական օգնություն ցուցաբերելու հայ ժողովրդին, ինչպես նաեւ լրացուցիչ վիրահատական վերականգնողական միջամտություններ ձեռնարկելու Ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո վիրավորված զինվորներին եւ նրանց ընտանիքներին: Այս մասին ասվում է Ֆրեզնոյի հայ բժշկական առաքելության հաղորդագրության մեջ։

Ֆրեզնոյի ազգային, մշակութային եւ բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատ նվիրատուների շնորհիվ, Ֆրեզնոյի Հայ Բժշկական Առաքելությունը իր հետ կբերի մեծ քանակությամբ դեղորայք, բժկական պիտույքներ եւ բարձրորակ սարքավորումներ (ակնահատակի ախտորոշիչ նկարահանող սարքեր, լապարոսկոպիկ վիրահատությունների ամբողջական համալիր, էկոգարտիոգրամաներ, էլեկտրոգարտիոգրամաներ, վիրահատական զանազան գործիքներ, օֆտալմոսկոպներ, օտոսկոպներ, պուլսոքսիմիտրներ եւ այլն):

Ֆրեզնոյի հայ բժշկական առաքելությունը իր ուսերին է կրում անցած տարվա ընթացքում վաստակած մեծ փորձառությունը՝ 505 բուժզննում, 16 վիրահատություն, 90 ատամնաբուժական ծառայություն, 26 մանկաբուժական ծառայություն, 87 ընդհանուր բուժզննում եւ 302 այլ բաժանմունքային ծառայություն ՀՀ 6 մարզերում եւ Երեւանում:

Բոլոր ծառայությունները՝ ներառյալ վիրահատական, բացարձակ անվճար են: Ավելին՝ յուրաքանչյուր հիվանդ ստանում է առնվազն մեկ ամսվա դեղորայք անմիջապես բուժումից հետո:

Բուժում ստանալու համար ոչ մի թղթաբանություն կամ մրցութային պրոցես չկա: Ընդամենը կապվում եք Ֆրեզնոյում ՀՀ Պատվավոր Հյուպատոսարանի հետ, նշանակում օր, ժամ եւ վայր, եւ ներկայանում:

էլ. Փոստ [email protected]

Հեռախոս- 559 374 6461

Ֆեյսբուքում պաշտոնական էջ- https://www.facebook.com/TheHonoraryConsulateofArmeniainFresno/

Ստորեւ ներկայացնում ենք բժկական մասնագիտությունների ցանկը՝

Ներքին հիվանդությունների մասնագետներ (ինտերնիստ)

Ատամնաբույժներ

Մանկաբույժ

Նեոնատոլոգ (նորածնաբանություն)

Վիրաբույժ

Նյարդաբան

Դիմածնոտային վիրաբույժներ

Գաստրոէնտերոլոգ/Հեպատիտ C

Մանկաբարձ-գինեկոլոգներ

Ակնաբույժ

Բոլոր բժիշկներըԿալիֆոռնիայում հայտնի եւ մշտապես պահանջված մասնագետներ են: