Վերջին հինգ տարում ինքնասպանության մասին մտածած անչափահասների թիվը կրկնապատկվել է: Ընդ որում աղջիկները 6 անգամ ավելի հաճախ են մտածում ինքնասպանության մասին, քան տղաները: Այդ մասին հայտնում են Մեծ Բրիտանիայում գործող թեժ գծի մասնագետները, որը զանգեր է ընդունում այն անչափահասներից, որոնց մոտ ինքնասպանության մասին մտքեր են հայտնվել:
Թեժ գծի մասնագետների խոսքով, ինքնասպանության մասին մտածում են նույնիսկ երեխաները, որոնք դեռեւս պատանեկան տարիքի չեն հասել. ամենաերիտասարդ զրուցակիցները հազիվ 10 տարեկան լինեն: Սոցիալական ցանցերի մշտական ազդեցությունը, տանն անհանգիստ կյանքը, ընտանեկան բռնությունը եւ դպրոցական խնդիրները. ահա այն հիմնական խնդիրները, որոնք երեխաներին մղում են մտածելու, թե իրենք ոչ մեկին պետք չեն եւ ավելի լավ կլիներ, եթե գոյություն չունենային:
2015-2016 թվականներին թեժ գծի մասնագետները ավելի քան 300 000 զրույց են անցկացրել: 12 ամսվա ընթացքում գրեթե 20 000 երեխա (5 տարի առաջ նրանց թիվը 9 000-ով պակաս էր) զանգել են, որպեսզի խորհրդատվություն ստանան կամ ուղղակի շփվեն: 7 դեպքից 6-ում դրանք աղջիկներ էին եւ ամենից հաճախ` 12-15 տարեկան աղջիկներ:
13 տարեկան մի պատանի ասել է. «Ես ինձ ոչնչություն եմ զգում, ես ոչ մեկին պետք չեմ եւ ոչ մեկի համար ոչ մի նշանակություն չունեմ»: 15-ամյա աղջիկը պատմել է. «Ես շուտով քննության եմ եւ ընտանիքիս հետ անընդհատ վիճում եմ այդ թեմայով: Ես չգիտեմ, թե ինչպես հաղթահարեմ դա, ինքնասպանության մասին եմ մտածում եւ արդեն պլանավորել եմ, թե ինչպես եմ անելու դա: Այժմ ես իմ մարմինը կտրում եմ եւ դա օգնում է, բայց ամեն անգամ կտրվածքը նախորդներից ավելի խորն է ստացվում եւ վախենում եմ, թե մի օր դրանք չափից ավելի խորը դառնան»:
Էսթեր Ռանցենը` թեժ գծի տնօրենը, մեկնաբանել է, որ իրեն շատ է անհանգստացնում այն երեխաների թիվը, որոնք իրենց այն աստիճան դժբախտ են զգում, որ ինքնասպանության մասին են մտածում: Իրենց տարեկան հաշվետվության մեջ նրա կազմակերպության մասնագետները պատմել են, որ գիծը օրական միջինն ավելի քան 50 զանգ է ընդունում. եւ դրանցից 6-ը ստիպված են լինում արագ փոխանցել արագ արձագանքման ծառայություններին, որովհետեւ շատ շփոթեցնող են: Էսթեր Ռանցենը հավելել է, որ չափահասներին անհրաժեշտ է մտածել, թե ինչու են երեխաներն այդքան միայնակ եւ վատ զգում այսօր, որ ստիպված են օգնության կանչել:






