Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ասպիրինի ընդունումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների , հաստ աղիքի քաղցկեղի եւ քաղցկեղի մի քանի այլ տեսակների զարգացման ռիսկը:  Սակայն ճշգրիտ ինչպես է ասպիրինն ազդում այդ հիվանդությունների զարգացման ռիսկի վրա: Այդ մասին նոր տվյալներ են ներկայացրել գիտնականները Duke Health-ից ` Դիպակ Վոորայի ղեկավարությամբ:  

Ավելի վաղ համարվում էր, որ ասպիրինի` ցավի դեմ պայքարելու եւ արյունը ջրիկացնելու կարողությունը կապված է այն բանի հետ, որ դեղամիջոցն արգելակում է COX-1 ֆերմենտի աշխատանքը, որը մասնակցում է թրոմբագոյացմանը եւ բորբոքային գործընթացի զարգացմանը:  Սակայն այժմ հետազոտողները պարզել են, որ դա միայն մասնակիորեն է բացատրում, թե ասպիրինի ընդունումն ինչու է պաշտպանում սրտանոթային հիվանդություններից, իսկ թե դեղամիջոցի հակաուռուցքային հատկանիշներն ինչի հետ են կապված, բոլորովին պարզ չէ: 

Գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ ասպիրինն ազդում է ոչ միայն  COX-1-ի աշխատանքի վրա: Դրա ազդեցությամբ միանգամից մի քանի գեն է ակտիվանում, որոնց արդյունքը մասնակցում է թրոմբոցիտների աշխատանքի կարգավորման գործում:  Դրանցից մեկն ազդում է կարգավորիչ սպիտակուցի աշխատանքի վրա, որը ճնշում է ուռուցքային աճը եւ հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: 

Հետազոտողները կարծում են, որ ժամանակակից մեթոդներ օգտագործելով` իրենք կկարողանան նոր տվյալներ ստանալ նաեւ այլ դեղամիջոցների աշխատանքի մասին: Դա նրանց կօգնի կանխատեսել կողմնակի հետեւանքների զարգացումը, ինչպես նաեւ ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչի վրա կարող է ազդել այս կամ այն դեղամիջոցի ընդունումը: 

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունը հիմնավորել է իր խորհուրդները. այժմ 50-ից մեծ ամերիկացիներին, որոնք սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում, խորհուրդ են տալւս ամեն օրն փոքր չափաբաժիններով ասպիրին ընդունել սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի եւ հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման համար: