Հակաբիոտիկները ժամանակակից բժշկության հիմքն են, բայց դրանց չափից շատ օգտագործումը կարող է անցանկալի կողմնակի հետեւանքներ ունենալ: Ամերիկայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն անհանգստություն են հայտնել հակաբիոտիկների չափից շատ օգտագործման առիթով:

Կենտրոնների տնօրեն Թոմ Ֆրեդենը զգուշացնում է «մղձավանջային մանրէների» մասին, որոնք էվոլյուցիա են ապրել ու պաշտպանություն ձեռք բերել ժամանակակից հակաբիոտիկներից: Որպես հետեւանք՝ առաջանում են շտամմեր, որոնք կարող են ճակատագրական վարակներ առաջացնել, տեղեկացնում է HealthLine-ը։

1. Հակաբիոտիկներն ավելացնում են երեխաների շրջանում մահացու փորլուծության դեպքերը

Քանի որ շնչառական հիվանդությունների մեծ մասը վիրուսային են, հակաբիոտիկները չեն պայքարում հիվանդության դեմ, այլ միայն անցանկալի կողմնակի ազդեցություններ են ունենում:

Կենտրոնների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ  այն երեխաները, որոնց սովորական շնչառական վարակի դեպքում հակաբիոտիկներ են տվել, ավելի  թույլ են ագրեսիվ մանրէների դեմ, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ: Այդ մանրէները սուր փորլուծություն են առաջացնում, ինչի հետեւանքով տարեկան 250 000 երեխա հիվանդանոցում է հայտնվում, նրանցից մոտ 14 000-ը մահանում է:

2. Հակաբիոտիկները կարող են քայքայել աղիների զգայուն ֆլորան

Մարդու աղիներում կան տարբեր շտամմերի միլիարդավոր մանրէներ: Դրանց թվում կան մահացու վտանգավոր եւ օգտակար բակտերիաներ, որոնք աղիներում բնական հավասարակշռություն են ստեղծում: Այդ օգտակար մանրէները, որոնք հայտնի են որպես աղիքային ֆլորայի մանրէներ, պահպանում են իմունիտետը եւ նպաստում ճիշտ նյութափոխանակությանը:

Ուժեղ հակաբիոտիկները կարող են ոչնչացնել օգտակար մանրէները՝ այդպիսով քայքայելով աղիքային ֆլորայի հավասարակշռությունը:

3. Հակաբիոտիկները շատացնում են անբուժելի գոնորեայի դեպքերը

Կենտրոնները մանրամասնորեն հետեւում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն գոնորեայի դեպքերին: Դա անբուժելի եւ ցավոտ վարակ է, որը նաեւ կարող է հանգեցնել կոնքային օրգանների բորբոքային հիվանդությունների, արտարգանդային հղիության, անպտղության եւ նորածնային աչքի վարակների: