Գիտնականները Հայդի Լարսոնի գլխավորությամբ հետազոտություն են անցկացրել` ցանկանալով պարզել, թե տարբեր երկրների մարդիկ որքանով են վստահում պատվաստումներին: Դրա համար նրանք հարցում են անցկացրել 67 երկրից գրեթե 66 000 մարդու շրջանում: Հարցման մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք պատվաստումներն անվնաս են համարում, իսկ ինքը` պատվաստանյութը` հիվանդության դեմ արդյունավետ պաշտպանություն: Բացի այդ, մարդկանց հարցրել են, թե պատվաստումը չի հակասում արդյոք նրանց կրոնական համոզմունքներին:
Հարցումները ցույց են տվել, որ ամենից քիչ պատվաստմանը վստահում են Ֆրանսիայում: Հարցվածների 41 տոկոսը կասկածել է պատվաստման արդյունավետությանը, այլ երկրների բնակիչների շրջանում այդ ցուցանիշը միջինը 12 տոկոս է կազմել: Պատվաստմանը չհավատացող երկրների ցուցակի մեջ են մտել նաեւ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Սլովենիան, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցոգովինան:
Իսկ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների բնակիչները վստահել են պատվաստանյութերին. Բանգլադեշի բնակիչների 1 տոկոսից պակասն է կասկածել դրանց անվտանգությանը:
Նշենք, որ պատվաստման շուրջ այսօր շատ են վիճում. ոմանք վախենում են պատվաստումներից եւ հրաժարվում են դրանցից, մյուսները պնդում են, թե պատվաստումներն անհրաժեշտ են: Առողջապահության ոլորտի մասնագետներն անհանգստացած են նրանով, որ պատվաստումից հրաժարման պատճառով աշխարհում շարունակում են վարակիչ այնպիսի հիվանդությունների բռնկումներ առաջանալ, ինչպիսին է կարմրուկը: Բացի այդ, պատվաստումներից հրաժարումը թույլ չի տալիս վերջնականապես հաղթահարել պոլիոմելիտը եւ մի քանի այլ հիվանդություն: Հետաքրքիր է, որ որոշ երկրներում պատվաստումներից հրաժարվում են կրոնական պատճառներով: Այսպես, օրինակ, Պակիստանում շատ ծնողներ հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին` ենթարկվելով հոգեւոր առաջնորդների ազդեցությանը, որոնք պնդում են, թե պատվաստումն ուղղված է իսլամի թուլացմանը:
Հետազոտությունը հրապարակվել է EBioMedicine ամսագրում:






