Ինքնասպանությունները հաճախությամբ աշխարհում երրորդ տեղն են զբաղեցնում դժբախտ պատահարներից ու սպանություններից հետո: Սա գլոբալ ու ողբերգական խնդիր է համաշխարհային առողջապահության համար: Այս երեւույթը այնքան սպառնալից է դարձել մարդկության համար, որ 2003-ին ստեղծվել է Ինքնասպանությունների կանխարգելման ասոցացիա,որն էլ հենց սեպտեմբերի 10-ը սուիցիդների դեմ պայքարի օր է հռչակել:
Աշխարհում ինքնասպանությունների հարցում իրավիճակը գնահատելու համար ընդունված է օգտագործել 100 հազար բնակչությանը բաժին հասնող ինքնասպանությունների ցուցանիշը: Եթե 100 հազար բնակչության հաշվարկով ինքնասպանությունների թիվը չի գերազանցում 10-ը, ապա նման հասարակությունը բարեկեցիկ է համարվում: Եթե այս ցուցանիշը 10-20-ի միջեւ է տատանվում, ուրեմն կա խնդիր, բայց այն աղաղակող չէ,իսկ 20-ը գերազանցելու դեպքում արդեն իրավիճակը կրիտիկական է համարվում:
Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը բարձր է ՝ 30-40 ինքնասպանոթյուն 100 հազար բնակչության հաշվով: Հայաստանում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է: 2012-ին ԱՀԿ տվյալներով այն կազմել է 2.9: Ազգային վիճվարչության տվյալներով 2016-ի առաջին կիսամյակին գրանցվել է ինքնասպանությունների ու ինքնասպանությունների փորձերի 318 դեպք: Անցած տարվա համեմատ դրանց թիվը կրճատվել է 79-ով: Տարեսկզբից մինչեւ հիմա Հայաստանում գրանցվել է ինքնասպանությունների 98 դեպք:
Մասնագետները նշում են, որ ինքնասպանությունները, որպես կանոն, նախորդող փուլեր են ունենում, դրանք հազվադեպ են իրականացվում պահի թելադրանքով: Յուրաքանչյուր փուլն ունի իր բնորոշ ախտանշանները, այսպես կոչված ինքնասպանության բանալիները: Մարդիկ կարող են երկար ժամանակ հասունացնել այդ մտադրությունը ու պատրաստվել մահվան՝ օրինակ ուրիշներին բաժանել իրենց համար արժեքավոր իրերը: Կամ մեկուսանալ ու մահվան մասին ֆիլմեր դիտել: Խանդոտ ու զգացմունքային մարդիկ կարող են անտարբեր դառնալ: Մտերիմնեըր պետք է ուշադրություն դարձնեն նման ախտանիշներին, ու ժամանակին մասնագետի դիմեն: Հայ սուիցիդաբան Կամո Վարդանյանի կարծիքով նման կանխարգելումը շատ ավելի արդյունավետ է, քան կամուրջների մոտ տեղադրվող ցանցերը, քանի որ եթե մարդն ուզում է ինքնասպան լինել, նա դա անելու մեկ այլ միջոց կգտնի:
Ինքնասպանության հակում ունեցողներին երեք հոգեվիճակ է բնորոշ: Առաջինը՝ սթափ, երբ գործում է պատասխանատվության գործոնը: Օրինակ, մարդը խոշոր գումար է վարկով վերցրել ու հասկանում է, որ չի կարող այն վճարել: Եվ համարում է, որ կյանքից հեռանալը լավագույն լուծումն է: Երկրորդ վիճակը՝ պաթոլոգիական, այն հանդիպում է շիզոֆրենիկ դեպրեսիվ պսիխոզների ժամանակ, երբ գիտակցությունը մթագնում է: Երրորդը ՝ սահմանամերձ վիճակ է, երբ մարդը հիվանդ չէ, բայց այնպիսի հոգեվիճակում է, որը բարդ է նորմալ անվանել: Ինքնասպանությունների ամենամեծ քանակությունը հենց այդ վիճակում է կատարվում:
Հոգեբան Սամվել Խուդոյանը համարում է,որ ինքնասպանությունների փորձերն ու կատարված ինքնասպանությունները երկու տարբեր երեւույթներ են:Ինքնասպանություն գործելու փորձերը,որպես կանոն, ցուցադրական են լինում, ու դրանց պատճառներն էլ տարբեր են լինում: Բայց հիմնականը ինչ-որ մեկին «պատժելու» ցանկությունն է :Այդ ցուցադրական փորձերի մի մասը ավարտվում է ինքնասպանությամբ, որովհետեւ սխալ է լինում հաշվարկված:
Իսկ ինչ վերաբերում է իրականացված ինքնասպանություններին՝ ապա դա բոլորովին այլ կատեգորիա է: Այստեղ եւ պատճառները, եւ խնդիրները, եւ մարդկանց զգացմունքային վիճակը բոլորովին այլ տեսակի են: Եթե ցուցադրական փորձերի են դիմում հիստերոիդ տեսակի մարդիկ, ապա ինքնասպանությունն իրականացնում են ինքնամփոփ մարդիկ՝ խորը ապրումներով, լուրջ խնդիրներով ՝ այդ թվում հոգեկան:






