Հայաստանում շարունակում են սեռով պայմանավորված շատ աբորտներ անել եւ հազիվ թե դրանց թիվը նվազած լինի վերջին երկու տարվա ընթացքում, որովհետեւ սելեկտիվ աբորտների խնդրի լուծման համար լուրջ քայլեր չեն արվել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հանրային առողջապահության մասնագետ, Հայաստանի Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ Ինեսա Չիլինգարյանը:
Նրա խոսքով, նոր օրենքը կարող է հետեւյալ կերպ ազդել իրավիճակի վրա. եթե կինը բժշկի մոտ գա հղիությունն ընդհատելու մտադրությամբ, որովհետեւ ուզում է տղա ունենալ, ոչ թե աղջիկ, բժիշկը կհրաժարվի աբորտ անել, որովհետեւ կիմանա, որ սելեկտիվ աբորտներն օրենքով արգելված են: Սակայն վտանգ կա, որ կինը կարող է ԳՁՀ անել մի կլինիկայում, իմանալ երեխայի սեռը, իսկ հետո մեկ այլ կլինիկայի դիմել` այնտեղ ոչինչ չասելով երեխայի սեռի մասին եւ աբորտ անելու ցանկությունը բացատրել նրանով, որ ընդհանրապես երեխա չի ուզում, պատահաբար հղիացել է կամ էլ նման մի բան:
Ինչ վերաբերում է օրենքում նոր կետին, որի համաձայն, աբորտ անել ցանկացող կնոջը պետք է երեք օր տալ մտածելու համար, դա կարող է օգնել կանխել աբորտը, միայն եթե այդ երեք օրվա ընթացքում ինչ-որ մեկը կարողանա համոզել կնոջը եւ նրա ազգականներին (շատ հաճախ հենց ազգականներն են պնդում, որ աբորտ արվի), որ միայն երեխայի սեռի պատճառով հղիությունն ընդհատելը սխալ է: Սակայն եթե մարդիկ իրենց համար արդեն որոշել են, որ միայն տղա են ուզում, մտորումների ոչ երեք օրը, ոչ նույնիսկ շաբաթը ոչինչ չի փոխի:
Ինեսա Չիլինգարյանի կարծիքով, անհրաժեշտ է Հայաստանում մանրամասն հետազոտություններ կատարել` պարզելու, թե իրականում այստեղ սեռով պայմանավորված քանի աբորտ է արվում, ինչ պատճառներով են անում դա եւ ինչպես կարելի է կանխել դա: Սակայն սելեկտիվ աբորտներն արգելող օրենքը միայն բավարար չէ. կարեւոր է նաեւ երկրի բնակչության եւ իհարկե, բժիշկների շրջանում գրագետ, ճիշտ տեղեկատվություն տարածել:
Այսօր` սեպտեմբերի 10-ին սելեկտիվ աբորտների խնդրի քննարկման համար Հայաստանում հավաքվել են մանկաբարձներ/գինեկոլոգներ եւ կլինիկական օրդինատորներ` մասնագետներ, որոնք առաջինն են տեսնում աբորտ անել ցանկացող կանանց եւ նրանց ընտանիքներին: Սեմինարի կազմակերպիչների կարծիքով, հենց այս մասնագետների հետ աշխատանքն է, որ կարող է օգնել` փոխել երկրում իրավիճակը եւ նվազեցնել սեռով պայմանավորված աբորտների թիվը:






