Կեսարյան հատման եղանակով ծնված երեխաները գիրանալու  15 տոկոսով ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան բնական եղանակով ծնվածները: Ընդ որում, ճարպակալման ռիսկը պահպանվում է մինչեւ հասուն տարիքը. նման եզրակացության են հանգել   Հարվարդի համալսարանի հետազոտողները: Մոտ ազգականների համեմատությունն էլ ավելի տպավորիչ է եղել: Կեսարյան հատման եղանակով ծնված երեխաները   64 տոկոսով ավելի հակված են եղել ճարպակալման, քան նրանց` հեշտոցային եղանակով ծնված քույրերը եւ եղբայրները: 

Եթե կինն արդեն մեկ կեսարյան հատում է տարել, ապա այդ եղանակով ծնված հաջորդ երեխան  31 տոկոսով ավելի է ենթակա ճարպակալման ռիսկի, քան այդ կնոջ  սովորական եղանակով ծնված երեխան:  

Հետազոտություններն իրականացվել են 16 տարի շարունակ: Այդ ընթացքում տվյալներ են հավաքվել 22 հազար երիտասարդի մասին, որոնք ծնվել էին կեսարյան հատման եղանակով եւ պատասխանել են իրենց առողջական վիճակին վերաբերող հարցերի: Բժիշկները որոշել են երիտասարդների մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլ գործոններ, որոնք դեր են խաղում մարմնի զանգված կուտակելու գործում, դրանք են` մոր մարմնի զանգվածը մինչեւ հղիությունը, նրա տարիքը եւ ապրելու վայրը ծննդաբերության պահին:  

«Մեր արդյունքները համոզիչ ապացույց են, որ կապ գոյություն ունի կեսարյան հատման եւ ճարպակալման միջեւ, - նշել է հետազոտության հեղինակ, սննդի եւ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Խորխե Չավարրոն:  Դա հատկապես վերաբերում է հետազոտությունների այն մասին, որոնք անցկացվել են եղբայրների եւ քույրերի նկատմամբ, որովհետեւ այդ դեպքում շատ գործոններ, որոնցից կախված է ճարպակալման ռիսկը, միանման են բոլոր ազգականների համար»:

Հարվարդի առողջության դպրոցի համաճարակաբանության դոկտոր Օդրի Հասկինսն աշխատանք է հրապարակել AMA Pediatrics ամսագրում, որում ենթադրություն է առաջ քաշել, որ կեսարյան հատումից հետո երեխաների մոտ ճարպակալման առավել բարձր ռիսկը կարող է նորածինների աղեստամոքսային տրակտում տարբերությունների հետեւանք լինել: Բնական ծննդաբերություն անցած երեխաները ստանում են մայրական հեշտոցային եւ աղիների միկրոբիոցենոզի մի մասը:   Կեսարյան հատման եղանակով ծնված նորածինները հիմնականում ստանում են մայրական մաշկի միկրոբիոտան եւ արտաքին միջավայրի բակտերիաները:  Նման երեխաների մոտ ավելի շատ են ստաֆիլակոկները եւ ավելի քիչ` բիֆիդոբակտերիաները, բացի այդ, նրանց մոտ անբավարար է բնական միկրոֆլորան, որը ծախսում է ավելորդ սննդանյութը:   Միկրոբիոտայում սահմանափակումներ են դիտարկվում հիմնականում կյանքի առաջին տարում, սակայն այդ տարբերությունները, ըստ ամենայնի, պահպանվում են երկար տարիների ընթացքում:  

«Կեսարյան հատումն անկասկած անհրաժեշտ պրոցեդուրա է, որը շատ դեպքերում փրկում է կյանքը,-ամփոփել է Պավարրոն, բայց ծննդաբերության նման միջոցը, պարզվել է, որոշ ռիսկեր ունի մոր եւ նորածնի համար: Մենք ռիսկի մեկ գործոն ենք հայտնաբերել` ճարպակալումը: Գուցե արժե այլ գործոններ էլ փնտրել»:

Նշենք, որ պլանային կեսարյան հատում տարած կանանց մոտ, որոնք վիրահատության ցուցումներ չեն ունեցել, երեք անգամ մեծանում է ընդհանուր հիվանդացման ռիսկը, երկու անգամ աճում է թրոմբոէմբոլիայի ռիսկը, հինգ անգամ` սրտային նոպաների եւ երեք անգամ` արգանդի հեռացման եւ հետծննդաբերական վարակների:  Կեսարյան հատում տարած կանայք ավելի հաճախ են հիվանդանում շնչառական հիվանդություններով, ընդ որում այդ ցուցանիշներն ի հատ են գալիս նաեւ հետագա կյանքում: Այդ կապակցությամբ առաջատար մասնագիտական կազմակերպությունները հանդես են գալիս առաջնային կեսարյան հատումը, որպես ծննդօգնության միջոց  վերացնելու օգտին, եթե դա կապված չէ մոր եւ երեխայի կյանքը փրկելու հետ: