Ճարպակալումը քաղցկեղի շատ տեսակների զարգացման ռիսկի ապացուցված գործոն է, սակայն ավելորդ քաշի կամ ճարպակալման առկայությունը զգալիորեն մեծացնում է երիկամների քաղցկեղ ունեցող հիվանդի` ողջ մնալու շանսերը: Նման զարմանալի եզրակացության են հանգել Center for Genitourinary Oncology at the Dana-Farber Cancer Institute-ի գիտնականները (ԱՄՆ) իրենց հետազոտության արդյունքում:
Հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Տոնի Չոուեիրին եւ իր գործընկերները որոշել էին հետազոտել մարմնի ավելորդ զանգվածի եւ երիկամների քաղցկեղի դեպքում ողջ մնալու հավանականության միջեւ կապը. դրա համար նրանք վերլուծել են բժշկական 4 տվյալների բազայի տեղեկությունները` ուշադիր ուսումնասիրելով 1975 հիվանդի մասին տեղեկությունները (մարմնի զանգվածը, հասակը եւ բուժման արդյունքները), որոնք երիկամների քաղցկեղի նպատակային թերապիա էին անցել:
Արդյունքները զարմացրել են նրանց. պարզվել է, որ հիվանդները, ում մոտ մարմնի ավելորդ զանգված կամ ճարպակալում են հայտնաբերել, անհամեմատ ավելի երկար են ապրել, քան նիհար հիվանդները. ցածր ՄԶԻ-ով մարդիկ միջինը 17,1 ամիս են ապրել բարձր ՄԶԻ ունեցողների 25,6 ամսի համեմատ:
Հետազոտողները պարզել են, որ բարձր ՄԶԻ-ով հիվանդների մոտ ավելի ցածր է արտահայտված ճարպային թթուների սինթազի գենը (fatty acid synthase, FASN) այն անձանց համեմատ, որոնք նորմալ ՄԶԻ ունեն: FASN գենը կարեւոր դեր է խաղում ճարպային բջիջների արտադրության գործում եւ այդ գենի ավելորդ արտադրությունը կապում են ուռուցքային հիվանդների, այդ թվում` երիկամների քաղցկեղով հիվանդների անբարենպաստ ելքի հետ:
Այսպիսով` հետազոտողները ենթադրում են, որ երիկամների քաղցկեղով հիվանդների մոտ, եթե նրանք ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն, FASN գենի արտահայտությունը նվազում է, այդ պատճառով մարմնի ավելորդ քաշով հիվանդներն ավելի երկար են ապրում, քան մարմնի նորմալ կամ անբավարար զանգվածով մարդիկ:
Ավելին, գիտնականներն արդեն FASN ինհիբիտորներ են մշակում, որոնք կարող են քաղցկեղի բուժման հեռանկարային մեթոդ լինել: Մոտ ժամանակներս նախատեսված է այդ ինհիբիտորները փորձարկել կենդանիների վրա, որպես երիկամների քաղցկեղի հնարավոր թերապիա:
Նշենք, որ Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության համաձայն (American Cancer Society), ճարպակալումը հորմոնային ֆոնի փոփոխություններ է առաջացնում, ինչը հանգեցնում է երիկամա-բջջային կարցինոմայի (ԵԲԿ), որը երիկամների քաղցկեղի առավել զարգացած ձեւն է:
Այդ հետազոտության մասին հայտնում է Clinical Oncology ամսագիրը:






