Առանց ամուսինների եւ ազգականների կողմից ճնշման, կանայք Հայաստանում ավելի հազվադեպ են սելեկտիվ աբորտներ անում: Այդ մասին է վկայում հետաքրքիր վիճակագրությունը. միայնակ մայրերից ծնված, գրանցված նորածինների համամասնությունը շատ մոտ է նորմային. 106 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ միջինը Հայաստանում 100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հանրային առողջապահության մասնագետ, Հայաստանի Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի անդամ Ինեսա Չիլինգարյանը նշել է, որ հայրերի կողմից գրանցված երեխաների վիճակագրությունը ուսումնասիրելիս կարելի է նկատել, որ նրանց թվում տղաների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան աղջիկներինը`  117-ը  100-ի դիմաց: Սակայն մայրերի կողմից գրանցված երեխաների թիվը նորմային մոտ է: Ամբողջ հարցն այն է, որ, մասնագետի խոսքով, սովորաբար իրենց երեխաներին ինքնուրույն գրանցող մայրերը միայնակ մայրեր են: 

Այդ կանանցից ոմանք ի սկզբանե մենակ չեն եղել, նշել է մասնագետը, ամուսնալուծվել են, որովհետեւ ցանկացել են պահել աղջիկ երեխային, մինչդեռ ամուսինը տղա էր ուզում: Ստացվում է, որ միայնակ մայրերն ավելի հազվադեպ են աբորտ անում, եթե երեխան  «ոչ այն սեռի է»: Բայց ընդհանուր առմամբ սելեկտիվ աբորտների թիվը երկրում բավականին բարձր է մնում, որովհետեւ շատ կանայք չեն համարձակվում դեմ գնալ ազգականների կամքին եւ ընդհատում են հղիությունը: 

Հիշեցնենք, որ սովորաբար 100 աղջկա դիմաց 102-106 տղա է ծնվում, սակայն Հայաստանում, ինչպես մի քանի այլ երկրում, ծնվող երեխաների սեռերի համամասնությունը խախտված է եւ տղաներն անհամեմատ ավելի շատ են, քան աղջիկները: Մասնագետների կարծիքով, սելեկտիվ աբորտների պատճառով Հայաստանում այսօր չի ծնվում  3000-3500 աղջիկ, իսկ մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում տղաների թիվը 40 000-ով գերազանցում է աղջիկների թիվը, իսկ 2060  թվին, ներկա միտման պահպանման դեպքում մենք 93 000 չծնված աղջիկ կամ ապագա մայր կունենանք: 

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս սելեկտիվ աբորտներն օրենքով արգելվել են: