Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Բջջի կենսաֆիզիկայի ինստիտուտից Ալեքսեյ Կարնաուխովը որոշել է առաջին մարդը դառնալ, որն իր վրա կփորձարկի երիտասարդացման նոր տեխնոլոգիան, որը նա ինքն է մշակել: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ նա հաջողությամբ իր տեխնոլոգիան փորձարկել է մկների վրա: 

«Ես ընդհանրապես այս հնարավորությունը որպես հսկայական հաջողություն եմ ընկալում: Հարցն այն է, որ գոյություն ունեն դոնորի տարիքի վերաբերյալ բժշկական եւ նույնիսկ իրավաբանական սահմանափակումներ`   55 տարի: Այդ պատճառով ինձ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել», — ասել է կենսաֆիզիկոսը:

Մկների վրա փորձարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է նրանց կյանքի տեւողությունը մեծացնել 34 տոկոսով: Նրանք նույն արդյունքին հույս ունեն հասնել` իրենց տեխնոլոգիան մարդկանց վրա կիրառելով: 

«Մարդկանց համար դա (34 տոկոս) մոտավորապես համապատասխանում է կյանքի լրացուցիչ 25 տարվա», — նշել է Կարնաուխովը:

Կարնաուխովի մեթոդիկան հիմնված է  «չծերացող սաղմնային գծի» տեսության վրա, որը   2009 թվականին ձեւակերպվել է Կարնաուխովի խմբի կողմից: Գիտնականների խոսքով, գենետիկական վնասվածքների կուտակումը ծերացման հիմնական մեխանիզմն է հանդիսանում, իսկ դրանց դեմ պայքարի համար գիտնականները նախատեսել են ոսկրածուծի փոխպատվաստում օգտագործել: