Տաջիկստանում բնակվող քսանամյա Դիլմրոդը, որի դեմքը դեռ մանկուց այլանդակված էր այրվածքներով, գրեթե դուրս չէր գալիս տանից ու տառապում էր ծանր դեպրեսիայով: Երկար տարիներ բժիշկները ոչնչով չէին կարողանում օգնել նրան:

Սակայն վերջերս թիվ Կուբանի 1 կլինիկական հիվանդանոցի այրվածքաբանական կենտրոնում որոշել են կիրառել բազմաթիվ այրվածքային սպիների փակման նոր մեթոդաբանությունը: Այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Սերգեյ Բոգդանովը առաջարկել է բազմաթիվ այրվածքային սպիները փակել ոչ թե հյուսվածքների առանձին կտորներով, այլեւ մաշկի ամբողջական կտորով, որը վերցվել է տղամարդու որովայնի մասից:

Վիրահատությունը 13 ժամ է տեւել, բժիշկների կարծիքով այն հաջող է անցել, չնայած վերջնական հաջողության մասին խոսելը դեռ վաղաժամ է: Մաշկային տրանսպլանտատը արդեն բավականին լավ ադապտացվում է, բայց ամբողջական պատկերի մասին դատել, բժիշկների խոսքով, հնարավոր կլինի մոտ կես տարուց: Չնայած արդեն հիմա հիվանդն ու նրա հարազատները գոհ են արդյունքներից՝ վստահեցնելով, որ Կուբանի բժիշկները «անհավանական գործ են արել»:

Հիշեցնենք, որ ամերիկյան հրշեջ ծառայության աշխատակից Փաթրիք Հարդիսոնին, որը նույնպես դեմքի ծանրագույն այրվածք էր ստացել, ավելի քան 70 պլաստիկ վիրահատություն էին արել, որոնք չէին կարողացել թեթեւացնել հիվանդի տառապանքները ու ոչ միայն նրա արտաքինը չէին լավացրել, այլեւ նրա կյանքի որակը չէին բարձրացրել: Բայց ամեն ինչ փոխվել էր դեմքի փոխպատվաստման շնորհիվ, որն արվել էր 2015-ի նոյեմբերին: Այդ վիրահատության շնորհիվ հրշեջն այսօր կարողանում է ապրել նորմալ կյանքով, մեքենա վարել, զբոսնել փողոցում: