Ժանանակակից բժշկությունը քաղցկեղով հիվանդների կյանքը փրկելուց բացի մեծ նշանակություն է տալիս նրա ցավերի հաղթահարմանը եւ կյանքի որակի բարելավմանը: Այժմ այս խնդիրը հաջողվում է լուծել ի շնորհիվ բարձր հաճախականության ռադիոալիքային դեներվացիայի կիրառման: Սակայն, անհրաժեշտ է ասել, որ այս միջամտությունը կատարվում է բացառապես ցավի վերացման համար եւ ոչ թե քաղցկեղի բուժման նպատակով: Այն հատկապես կիրառելի է ուռուցքային հիվանդությունների բարդացած փուլում, երբ թմրադեղային ցավազրկումն այլեւս չի օգնում: Բարձր հաճախականության ռադիոալիքային դեներվացիայի նպատակով հիվանդները նախկինում ստիպված էին մեկնել արտերկիր: Այսօր այս նորամուծությունն արդեն հասանելի դարձավ Հայաստանում՝ «Նաիրի» ԲԿ-ում: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության եւ ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Արման Հակոբյանը։

Իսկ ի՞նչ է բարձր հաճախականության ռադիոալիքային դեներվացիան

Այն փոքր ինվազիվ միջամտություն է, որը կատարվում է ամբուլատոր պայմաններում` համակարգչային տոմոգրաֆիայի հսկողությամբ: Հայտնաբերվում է ցավային գրգիռ առաջացնող եւ փոխանցող նյարդարմատը եւ ռադիոալիքների միջոցով փակվում է ցավային ազդակի փոխանցման ուղին դեպի գլխուղեղ, եւ մարդն այլեւս չի զգում ցավ:

Բարձր հաճախականության ռադիոալիքային դեներվացիան կիրառվում է նաեւ միջողային աճառի փոքր ճողվածքների, ողնաշարի հոդային ախտահարումների դեպքում, որոնք վիրահատական ցուցում չունեն, բայց ուղեկցվում են մշտական ցավերով:

Բայց արդյո՞ք նյարդերի այդ «անջատումը» չի պարունակում ծածուկ վտանգ, չէ՞ որ հիվանդությունը կարող է տարածվել, իսկ մարդը չզգա այդ ընթացքը, օրինակ, ճողվածքի աճը  եւ ի վերջո դա հանգեցնի հաշմանդամության: Պատասխանելով այս հարցին` նեյրովիրաբույժը բացատրեց, որ նման սպառնալիք չկա, քանի որ այդ պրոցեդուրան փակում է ազդակի փոխանցումը գլխուղեղ, բայց նյարդերի մոտորային ֆունկցիան պահպանվում է, եւ եթե ճողվածքն աճի, մարդը դարձյալ ցավ կզգա:

 «Նաիրի» ԲԿ-ի ծրագրերում նախատեսվում է ներդնել գոտկային հատվածի  ցավերը բուժող մեկ այլ միջամտություն եւս` ողնաշրի ստիմուլյացիան (SCS, Spinal Cord Stimulation): SCS-ն ենթադրում է հատուկ համակարգի իմպլանտացիա պացիենտի մարմնում: Պացիենտի մաշկի տակ իմպլանտացված գեներատորը արձակում է էլեկտրոազդակներ, որոնք ուղղորդվում են դեպի էլեկտրոդները, ապա փոխանցվում են ողնուղեղի նյարդերին, որի շնորհիվ նվազում են ցավային զգացողությունները: Բժշկի պարզաբանմամբ` այդ պրոցեդուրան կարող է կիրառվել գոտկային հատվածի  ցանկացած ցավ բուժելու համար` անկախ դրա բնույթից: Այն հատկապես կիրառելի է այսպես կոչված վիրահատված ողնաշարի սինդրոմի դեպքում, երբ հիվանդն արդեն վիրահատվել է, ճողվածքը հեռացվել է, ճնշում չկա, բայց ցավը պահպանում է: