Ծովային գիշատիչ կոնաձեւ խխունջի թույնի մեջ ինսուլին է պարունակվում, որն անսովոր եռաչափ կառուցվածք ունի: Այս բացահայտումն արած գիտնականները Walter and Eliza Hall Institute-ից (Ավստրալիա) ենթադրում են, թե այդ ինսուլինը հնարավոր կլինի օգտագործել դիաբետով մարդկանց համար դեղամիջոցի ստեղծման գործում:
Կոնաձեւ խխունջներին թույն է անհրաժեշտ, որպեսզի ձուկ որսան, նրանք այդ թույնը մտցնում են ձկան մարմնի մեջ եւ դա գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազում եւ հիպոգլիկեմիկ շոկ է առաջացնում: Շարժունակ ձկները կորցնում են ակտիվորեն տեղաշարժվելու հնարավորությունը եւ դանդաղաշարժ խխունջները հնարավորություն են ստանում հասնելու նրանց:
Գիտնականները որոշել են ինսուլինն առանձնացնել թույնի կազմից եւ օգտագործել արագ գործող ինսուլին ստեղծելու համար, որը նախատեսված է դիաբետով հիվանդների համար: Այժմ օգտագործվող ինսուլինը սկսում է գործել ներարկումից 15 րոպե հետո միայն, իսկ խխունջներից պատրաստված հորմոնն անհամեմատ ավելի արագ է գործում:
Մայքլ Լոուրենսը նշել է, որ խխունջի թույնի ինսուլինի կառուցվածքը տարբերվում է մարդկային ինսուլինի կառուցվածքից եւ, այնուամենայնիվ, այդ հորմոնն ազդում է եւ կատարում է իր գործառույթները: Սակայն գիտնականներն առայժմ չեն ստուգել մարդկանց վրա դրա արդյունավետությունը, բայց հույս ունեն, որ խխունջների ինսուլինը կգործի նույն կերպ, ինչպես այսօր օգտագործվող ինսուլինը: Նրանք կարծում են, որ նոր ինսուլինի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցը հարմար կլինի առաջին եւ երկրորդ տեսակի դիաբետով մարդկանց, ինչպես նաեւ կանանց, որոնց մոտ գեստացիոն դիաբետ են ախտորոշել:






