Ֆրանսիացի հետազոտողները հայտնում են, որ իրենց հաջողվել է լաբորատոր պայմաններում եւ առնետի, եւ մարդու սպերմատոզոիդներ աճեցնել: 

Ավելի վաղ այդ ոլորտում հաջողությունների մասին հայտնել էին նաեւ ճապոնացի հետազոտողները, որոնց հաջողվել էր առնետի սեռական բջիջներ աճեցնել, ինչպես նաեւ չինացի գիտնականները, որոնք կարողացել են սպերմատիդներ աճեցնել ցողունային բջիջներից: 

Ֆրանսիացի հետազոտողները պնդում են, որ իրենք էլ ավելի տպավորիչ արդյունքներ են ստացել: Նախ նրանք մեթոդիկան փորձարկել են առնետների վրա` երիտասարդ կենդանիների ամորձիների հյուսվածք վերցնելով եւ դրանից սպերմատոզոիդներ աճեցնելով, իսկ դրանից հետո ստուգել են այդ մեթոդների արդյունավետությունը մարդկային հյուսվածքների վրա:  

Նրանք ամորձիների ուղիները տեղավորել են հիտոզանային գլանների մեջ, նման «փաթեթավորումը» չի խանգարել գազափոխանակմանը եւ նույնիսկ հյուսվածքները պաշտպանել է բակտերիաներից: Հետագա աճեցումը տեղի է ունեցել Պետրիի գավաթում` սնուցող միջավայրով. հասունացումը շարունակվել է 72 օրվա ընթացքում, իսկ հետո հիտոզանային գլանները տարրալուծվել են` սպերմատոզոիդներ արտազատելով:  Ամորձիների ուղիներում գտնվող հասունացող բջիջները փոխազդել են Սերտոլիի բջիջների հետ, որոնց առկայությունն անհրաժեշտ էր սպերմատոզոիդների աճի եւ զարգացման համար: 

Իմիջիայլոց, այլ գիտնականներ, որոնք արդեն ծանոթացել են ֆրանսիացի հետազոտողների արդյունքներին, այդ տվյալներին բավականին թերահավատորեն են մոտենում: Նրանք նշում են, որ առնետների եւ մարդկանց արտաքինից հասուն սպերմատոզոիդները, որոնք աճեցվել են լաբորատորիայում, նման չեն նրանց, որոնք զարգացել են բնական միջավայրում, իսկ դա նշանակում է , որ փորձարկումը չի կարելի ամբողջությամբ հաջողված եւ ավարտված համարել: 

Հետազոտության հեղինակներն իրենց հերթին հավաստիացնում են, որ արհեստական եւ իսկական սպերմատոզոիդները նմանատիպ հատկանիշներ ունեն: Դա ապացուցելու համար նրանք նախատեսել են մոտ ժամանակներս ստուգել, թե սպերմատոզոիդներն ի վիճակի են արդյոք ձվաբջիջ բեղմնավորել: