Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանը: Հայաստանը նստաշրջանում ներկայացնում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը, նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մինչև 2030թ. Կայուն զարգացման Օրակարգում ներառված առողջապահական մի շարք հարցեր եւ Առողջություն-2020 քաղաքականության իրականացման ընթացքը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև քաղաքականության շրջանակում հետագա գործողությունների ուղղությունները: 

Նշենք, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման շրջանակում կքննարկվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, ՄԻԱՎ վարակի եւ վիրուսային հեպատիտների դեմ պայքարի գործողությունների պլանը, կկազմակերպվեն նախարարական հանդիպումներ հրատապ լուծում պահանջող առողջապահական հարցերի շուրջ:

Կմշակվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության վերաբերյալ ռազմավարությունն ու գործողությունների պլան, ինչպես նաեւ սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործողությունների ծրագիր: