Վերջին տարիներին նկատելիորեն աճել է այն հայերի թիվը, որոնք հոգեբանների օգնությանն են դիմում: Դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ մարդիկ այլեւս չեն ամաչում դիմել այդ մասնագետներին, այլեւ նրա հետ, որ խնդիրները, որոնց բուժման համար հոգեբան է անհրաժեշտ, թվում է, ավելանում են:  Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը պատմել է այն հիմնական գործոնների մասին, որոնց պատճառով Հայաստանում ապրող մարդկանց մոտ կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ եւ հոգեբանի հետ խոսելու պահանջ: 

• Զբաղվածությունը: Ժամանակակից հայը շատ քիչ ազատ ժամանակ ունի, այդ պատճառով նա ուղղակի չի հասցնում զվարճալի միջոցառումների գնալ, շփվել ազգականների եւ ընկերների հետ, նրանց պատմել իր խնդիրների մասին:  Նման շփման պակասը մարդկանց մեջ հոգեբանական լարվածություն է ստեղծում: Անցյալում, երբ մարդիկ շփմանն ավելի շատ ժամանակ էին հատկացնում, նման լարվածությունն ավելի քիչ էր: 

• Փոփոխություններ: Յուրաքանչյուր ժամանակակից մարդ հսկայական քանակությամբ տեղեկություններ է ստանում, նրա շուրջն աշխարհն անընդհատ փոխվում է եւ շատ բարդ է հարմարվել այդ փոփոխություններին:  Բոլորովին էլ ոչ բոլորն ունեն անհրաժեշտ ճկունությունը եւ ադապտատիվ մեխանիզմները, որպեսզի արագ հարմարվեն   փոփոխվող աշխարհին եւ յուրացնեն  ստացված  ամբողջ տեղեկատվությունը, եւ նրանք, ովքեր չունեն նման մեխանիզմներ, հաճախ հոգեբանական խնդիրների են բախվում: 

• Անվտանգության զգացման բացակայություն: Այսօրվա հայն անվտանգության, կայունության, վաղվա օրվա հանդեպ վստահության զգացում չունի: Նա, օրինակ, չի կարող վստահ լինել, որ ինքն աշխատանք ունի, որի օգնությամբ կկարողանա իրեն եւ իր ընտանիքին ապահովել առաջիկա 5 տարվա ընթացքում: Վաղվա օրվա հանդեպ վստահության բացակայությունը ավելորդ հոգեբանական լարվածություն է ստեղծում: 

• Գաղափարախոսության եւ արժեքների համակարգի բացակայությունը: Հոգեբանի կարծիքով, գաղափարախոսության եւ ժամանակակից հայերին համապատասխանող արժեքների համակարգի բացակայությունը եւս բացասաբար է ազդում նրանց հոգեբանական վիճակի վրա: 

• Անհատականությունը: Մասնագետը նշել է, որ անցյալում մարդկանց ավելի հատուկ էր խմբակային մտածողությունը. Խմբում առաջնորդ կար, բոլորը նրան լսում էին եւ բոլորի համար այդպես ավելի հեշտ էր: Իսկ այսօր առաջին տեղում անհատն է, եւ շատ մարդկանց համար բավականին բարդ է հարմարվել դրան: 

Այդ բոլոր գործոնները, հոգեբանի կարծիքով, բարդացնում են ժամանակակից մարդու կյանքը եւ հաճախ հանգեցնում են մի շարք հոգեբանական խնդիրների զարգացման: