Ինչ հոգեբանական խնդիրներ են այսօր առավել տարածված Հայաստանում: Ինչ խնդիրներ են բնորոշ տարիքային տարբեր խմբերի մարդկանց: Այդ հարցերը պարզելուն օգնել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
1. Նախադպրոցական տարիքի երեխաներ
Փոքրիկ երեխաներին հաճախ բերում են մանկական հոգեբանի մոտ, եթե նրանք վախեր, նեւրոզներ կամ ագրեսիվ պահվածք ունեն: Հաճախ հոգեբանների մոտ են հայտնվում նաեւ այնպիսի երեխաներ, որոնց համար բարդ է բաժանվել ծնողներից եւ հարմարվել մանկապարտեզին:
2. Դպրոցական տարիքի երեխաներ
Դպրոցականները հաճախ ուսման հետ խնդիրներ են ունենում, ինչպես նաեւ դպրոցին հարմարվելու խնդիրներ, պատասխանատվության զգացման խնդիր եւ պատասխանատվությունը ծնողների վրա թողնելու սովորույթ. երբեմն դպրոցականներին հատուկ է լինում նաեւ ագրեսիան եւ վախերը, որոնք պարզաբանելուն եւս օգնում է հոգեբանը:
3. Դեռահասներ
Պատանեկան տարիքն իզուր չէ բարդ համարվում. հոգեբանական եւ ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով, որոնցով անցնում է անչափահասը, զգալիորեն մեծանում է այն բանի ռիսկը, որ նրա մոտ կարող են վնասակար սովորույթներ առաջանալ, հարաբերություններում հակամարտություններ եւ հասարակությունում պահվածքի հետ կապված խնդիրներ: Նման խնդիրներով անչափահասները հաճախ են այցելում հոգեբույժին:
Հայաստանում անչափահասները հաճախ բախվում են մասնագիտության ընտրության հետ կապված խնդիրների եւ երբեմն հենց հոգեբաններին են դիմում խորհրդի համար:
4. Չափահասներ
Չափահասներն առավել հաճախ դիմում են նեւրոզների, դեպրեսիայի, նոր աշխատանքին կամ կոլեկտիվին ադապտացիայի խնդիրների կամ ընտանեկան խնդիրների եւ հակամարտությունների պատճառով: Որոշ ծնողներ, նշել է հոգեբանը, դիմում են սոսկ նրա համար, որ իմանան, թե ինչպես դաստիարակեն իրենց երեխաներին, եւ դա շատ գովելի է, որովհետեւ մատնանշում է այն, որ նրանք պատասխանատվությամբ են վերաբերվում երեխաների դաստիարակությանը:
Հաճախ չափահասները դիմում են նաեւ ինտիմ հարաբերությունների հետ կապված խնդիրներով: Սովորաբար նման խնդիրների հիմքում վախեր են, որոնց արմատները տանում են դեպի մանկություն եւ սխալ դաստիարակություն:






