Հեղուկ գլիցերինը, որը նախատեսված է հոգնայի համար, շուտով կվաճառվի Հայաստանի դեղատներում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց «Էսկոֆարմ» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ հեղուկ գլիցերինով հոգնան թույլ լուծողականի ազդեցություն ունի եւ կարող է օգտագործվել մեծահասակների եւ երեխաների փորկապության դեպքում: Մոտավորապես նույն ազդեցությունն ունեն փորկապության դեմ որոշ մոմիկներ (սուպպոզիտորիաներ), բայց, ինչպես նշեց Գրիգորյանը, հեղուկ գլիցերինը մի շարք առավելություններ ունի մոմիկների նկատմամբ:
«Հեղուկ գլիցերինը մոմիկներից (փորկապության դեմ) տարբերվում է նրանով, որ այն ավելի հարմար է օգտագործել, հատկապես՝ փոքր երեխաների դեպքում, քանի որ երեխաները չեն սիրում մոմիկներ ու միշտ լաց են լինում դրանց պատճառով: Բացի դրանից՝ հեղուկ գլիցերինով հոգնայի արդյունքն ավելի արագ է ստացվում, քան մոմիկներինը, որովհետեւ գլիցերինը հեղուկ է եւ ավելի արագ է ներծծվում, իսկ մոմիկները պետք է նախ հալվեն, հետո միայն սկսեն ազդել»,- բացատրեց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ հոգնայի համար հեղուկ գլիցերինի երկու տեսակ կարտադրվի՝ փոքր սրվակը նախատեսված կլինի մինչեւ 6 տարեկան երեխաների համար, իսկ ավելի մեծ սրվակը՝ 6 տարեկանից մեծ երեխաների ու մեծահասակների համար:
Նա նաեւ նշեց, որ հեղուկ գլիցերինն արդեն Հայաստանում գրանցվել է որպես դեղամիջոց եւ շուկայում կհայտնվի առաջիկա ամսվա ընթացքում: Գինն առայժմ պարզ չէ, բայց ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այն մատչելի կլինի ու փորկապության դեմ մոմիկներից ոչ թանկ:






