Royal Melbourne Hospital-ի գիտնականները (Ավստրալիա) Պարկինսոնի հիվանդության բուժման նոր փորձարարական մեթոդիկա կփորձարկեն: Նրանք  այդ հիվանդությամբ տառապող 64-ամյա հիվանդի գլխի մեջ ցողունային բջիջներ են ներարկել, որոնք ստացվել էին ԱՄՆ-ից եւ պահվում էին սառեցված վիճակում: Այդ բջիջների դոնորի մասին հայտնի է միայն, որ նա ռուսաստանցի է:

Գիտնականները ենթադրում են, որ այդ ներարկումները կհանգեցնեն դոֆամինի մակարդակի ավելացման, որի պակասը հենց դող, արգելակվածություն, մկանների քարացածություն եւ Պարկինսոնի հիվանդության այլ ախտանիշներ է առաջացնում:  

14 ներարկում կատարելու համար (ամեն կողմից երկու հատ), բժիշկները ստիպված են եղել հիվանդի գանգում երկու անցք բացել  1,5 սմ տրամագծով: Այժմ բժիշկները նախատեսել են ուղղակի հետեւել հիվանդին. նրանք կգնահատեն նրա վիճակը եւ արյան մեջ դոֆամինի մակարդակը ներարկումներից կես տարի եւ մեկ տարի անց:  

Էնդրյու Էվանսը, որը փորձարարական ներարկումները կատարած բժիշկների խմբի անդամ է, պարզաբանել է, որ նման միջամտությունից հետո հիվանդության ախտանիշները կարող են նվազել մոտավորապես 30 տոկոսով: Հետագայում այդ մեթոդիկան կարող է կատարելագործվել, ինչը թույլ կտա Պարկինսոնի եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բուժել ցողունային բջիջների միանգամյա ներարկման միջոցով: 

Իսկ առայժմ գիտնականները նախատեսել են այդ ներարկումները փորձարկել եւս 12 հիվանդի վրա: Եվ եթե ամեն ինչ հաջող անցնի, մեթոդը կսկսեն փորձարկել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: