Դպրոցական Քլոե Միլլերի մոտ Ռետտայի համախտանիշ են ախտորոշել` հազվագյուտ հիվանդություն, որն ազդում է ուղեղի զարգացման վրա: Այդ համախտանիշի հետեւանքով աղջկա ինտելեկտը հետընթաց է ապրում եւ նա աստիճանաբար նորածնի է վերածվում:
Ռետտայի համախտանիշի պատճառով Քլոեի մոտ ամեն օր ջղաձգության նոպաներ են լինում, որոնց թիվն օրական կարող է հասնել 80-ի: Աղջիկը նաեւ կորցնում է իր զարգացման որոշ առանցքային հմտություններ: Չնայած նա արդեն իր 11-րդ տարեդարձն է տոնել, ծայրաստիճան քիչ հավանական է, որ կարողանա վերականգնել գիտելիքները, որոնք ձեռք է բերել հասունանալու ընթացքում:
Աղջկա մայրը` Սառան, նրան մենակ է դաստիարակում: Նրա խոսքով, Քլոեն ասես նորից նորածնի է վերածվում:
«Ռետտայի համախտանիշի մեջ ամենացավալին այն է, որ Քլոեն ինչ-որ հմտություններ է սովորում, հետո կորցնում է դրանք, պատմել է Սառան: Օրինակ, մի ժամանակ աղջիկս կարողանում էր բաժակով խմել, իսկ հիմա վերադարձել է ջրով շշերին: Քլոեն ինքն էլ հիվանդագին է տանում հմտությունների կորուստը, ինչն արտացոլվում է նրա պահվածքի եւ շփվելու կարողության վրա»:
Դստեր ծննդից կարճ ժամանակ անց Սառայի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի համար նա ընդամենը 20 տարեկանում սրտի խթանիչ տեղադրելու կարիք է ունեցել: Միաժամանակ փոքրիկ Քլոեի մոտ սկսել են ջղաձգության նոպաներ առաջանալ: Հաջորդ հինգ տարվա ընթացքում բժիշկները տարբեր հետազոտություններ են կատարել եւ այն եզրակացությանն են հանգել, որ նա էպիլեպսիա ունի:
Բայց եւս 4 տարի անց բժիշկներն այնուամենայնիվ հայտնաբերել են առողջության հետ կապված չդադարող խնդիրների պատճառը` Ռետտայի համախտանիշը: Դա հազվագյուտ հիվանդություն է, որը խափանում է ուղեղի զարգացումը եւ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական ծանր խանգարումներ է առաջ բերում: Ռետտայի համախտանիշը հանդիպում է 10-12 000 երեխայից մեկի մոտ, ընդ որում հիմնականում այդ հիվանդությամբ տառապում են աղջիկները: Որպես կանոն, հիվանդությունն ընթանում է 4 փուլով. առաջինում ընդամենը վաղ ախտանիշներ են ի հայտ գալիս եւ դանդաղած զարգացում, հետո` հետընթաց, վիճակի կայունացում եւ շարժունակության վատացում:








