Սեպտեմբերի 13-ից Մոսկվայում ընթանում է IBA տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանը ներկայումս մեծ աշխատանք է տանում Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծան, ինչպես նաև ընդհանուր առմամբ, ռադիոիզոտոպների եւ գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեթոդները ներդնելու ուղղությամբ: 

Ժամանակակից այս մեթոդները կիրառելի են հատկապես ուռուցքաբանության ոլորտում: 

Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու գերժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ քննարկելու ոլորտում համագործակցության հնարավորությունները: 

Հիշեցնենք, որ մեր երկրում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության եւ ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ մեդիքալ սոլյուշնս» ընկերությունը: