Հայաստանում միայնակ արտասահմանցիները չեն կարող օգտվել սուրոգատ մայրերի ծառայությունից: Սեպտեմբերի 15-ին այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը ներկայացնելիս:

Ընտանիք ունեցող արտասահմանցիները, որոնք Հայաստան են գալիս որպես զբոսաշրջիկներ, չեն կարող այդ իրավունքից օգտվել:

Դրանից զատ, չի կարելի երկու անգամից ավելի սուրոգատ մայր դառնալ:

Ինչ վերաբերում է արյունակցությանը, ապա ամուսիններից գոնե մեկը պետք է երեխայի կենսաբանական ծնողը լինի: Սուրոգատ մոր բեղմնավորումը կարող է իրականացվել ամուսնական կապով չկապված մարդկանց միջեւ: Այդ դեպքում երեխայի կենսաբանական ծնող պետք է լինի նրանցից գոնե մեկը, ով Հայաստանի քաղաքացի է:

Վերջապես՝ որպեսզի արյունակցությունն անվիճելի լինի, երեխան կենսաբանական ծնողներին պետք է հանձնվի միայն ԴՆԹ փորձաքննության արդյունքների հիման վրա: