Գլխուղեղի խորանիստ ուռուցք հեռացնելը նեյրովիրաբուժության բարդ խնդիրներից մեկն է, քանի որ այդպիսի տեղակայմամբ նորագոյացությունները մոտ լինելով ուղեղի ֆունկցիոնալ կենտրոններին, դժվարամատչելի են: Այսօր այդ բարդ խնդրի լուծումը զգալիորեն դյուրին է դարձել այսպես կոչված նավիգացիոն համակարգի կիրառման շնորհիվ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական ծառայությունում նավիգացիոն համակարգը արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է մոտ մեկ տարի: Այն ցույց է տալիս ամենակարճ եւ անվտանգ ուղին դեպի գլխուղեղի ուռուցք: Այն նորույթ է ՀՀ-ում եւ առկա է միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնեց կլինիկայի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության եւ ողնաշարային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Արման Հակոբյանը։

Բժշկի խոսքով` նախ կատարվում է պացիենտի գլխուղեղի ՄՌՏ սկանավորում: Ստացված պատկերները փոխանցվում են համակարգիչ, կազմվում է 3D մոդել, որի շնորհիվ կարելի է որոշել հնարավորինս անվտանգ մուտքը դեպի ուռուցք: Դա վիրաբույժին թույլ է տալիս հստակորեն վերահսկել իր գործողություններն ու շարժումները, ճիշտ ընտրել հյուսվածքի ներթափանցման ուղղությունն ու խորությունը: Այդ կերպ վիրահատության ընթացքում գլխուղեղի շրջակա հյուսվածների վնասման հավանականությունը հասցված է նվազագույնի:

Այս մեթոդի կիրառմամբ կարելի է կատարել գլխուղեղի ուռուցքի բիոպսիա  փաստացի մեկ անցքի միջոցով, ինչպես նաեւ կատարել խորանիստ ուռուցքների հեռացում մաքսիմալ ռադիկալ եւ մինիմալ ներվիրահատական տրավմայի պայմանում:

Ընդհանրապես, ըստ Արման Հակոբյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքը մասնագիտացած է ողնուղեղի եւ գլխուղեղի փոքր ինվազիվ վիրահատություններում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Մասնավորապես, միջողային աճառի ճողվածքն այստեղ հեռացվում  է էնդոսկոպիկ եղանակով, եւ պացիենտը այդ պրոցեդուրայից մեկ օր անց կարող է տուն գնալ: Կոտրվածքից կամ ուռուցքից առաջացած ողի մարմնի ախտահարման դեպքում կատարվում է նաեւ վերտեբրոպլաստիկա՝ ողի մարմին է ներմուծվում ոսկրային ցեմենտ, որը հանգեցնում է ողնաշարի հենաշարժական ֆունկցիայի վերականգմանը: «Եթե կոտրվածքների ժամանակ չարվի նման վիրահատություն, պացիենտը առնվազն երկու ամիս պետք է գամված մնա անկողնում, իսկ այս մեթոդի շնորհիվ նա կարող է դուրս գրվել մեկ օրում»,- բացատրեց Արման Հակոբյանը:

Բաժանմունքի վարիչի խոսքով` «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում են ցանկացած բարդության վիրահատություններ` ողի մարմնի իմպլանտացիա, կոտրվածքների դեպքում, տրանսպեդիկուլյար ֆիքսացիա եւ այլն: Նյարդավիրաբուժության ոլորտում կիրառվող բոլոր նորագույն տեխնոլոգիաները ներկայացված են «Նաիրի» բժշկական կենտրոնում: