Վաղ դաշտանադադարը, եթե սկսվում է մինչեւ 45 տարեկանը, կանանց շրջանում 50 տոկոսով մեծացնում է ինֆարկտի առաջացման հավանականությունը, հայտնում են Erasmus University-ին (Նիդերլանդներ) առընթեր բժշկական կենտրոնի գիտնականները:
Գիտնականների խոսքով՝ ի տարբերություն այն կանանց, որոնց դաշտանադադարը ժամանակին է սկսվել, այս խմբում ընդգրկված կանայք հաճախ են բախվում ոչ միայն ինֆարկտին, այլ նաեւ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների: Ավելին՝ վաղ դաշտանադադարի դեպքում ինֆարկտից մահացությունը 11 տոկոսով մեծանում է: Դրանում համոզվելու համար գիտնականները ավելի քան 310 հազար կանանց մասնակցությամբ նախորդ 32 հետազոտությունների մետաանալիզ են կատարել:
Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ մինչեւ 45 տարեկանը դաշտանադադարի փուլ մտած կանանց շրջանում ցանկացած պատճառով մահանալու հավանականությունը 12 տոկոսով մեծանում է: Ուշագրավ է, սակայն, որ գիտնականներն այս կանանց շրջանում կաթվածի առաջացման վտանգի մեծացում չեն հայտնաբերել:
Գիտնականների կարծիքով՝ էստրոգենը («կանացի» սեռական հորմոն) չափազանց կարեւր դեր ունի երակների թուլացման հարցում: Երբ հորմոնի պաշարները կրճատվում են, երակները պակաս ճկուն են դառնում, որը մեծացնում է ինֆարկտի առաջացման վտանգը:
Նշենք, որ դաշտանադադարի միջին վիճակագրական տարիքը 51 տարեկանն է: Այդ տարիքում օրգանիզմն սկսում է ավելի քիչ արտադրել սեռական հորմոններ, ինչի հետեւանքով կանանց մոտ 80 տոկոսը, որոնց մոտ դաշտանադադարն սկսվել է, ունենում են դեպրեսիային հատուկ ախտանշաններ, արյան շրջանառության արագացում, գիշերային քրտնարտադրություն եւ գլխացավեր: Այս ախտանշանների միջին տեւողությունը 4 տարի է:






