ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում երկու երկրի առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը եւ Վրաստանը ներկայումս համատեղ ջանքեր են ներդնում հանրային առողջապահության, առողջապահական գլոբալ այլ մարտահրավերների` մասնավորապես վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ:
Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով մեր երկրում բուժաշխատողների համար ներդրվող շարունակական մասնագիտական զարգացման նոր մոդելին` նա կարեւորեց համատեղ միջազգային համաժողովների անցկացումը:
Նախարարի պաշտոնակատարը առանձնակի կարեւորեց Վրաստանի հարավում` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնությանը վերաբերող հարցերը:
Մասնավորապես նա նշեց, որ դեռեւս նախորդ տարի Վրաստան այցելության ընթացքում Ջավախքի բնակչության խնդրանքով նա անդրադարձել է այնտեղ հեմոդիալիզի ծառայության ստեղծման անհրաժեշտությանը: Խոսքը աշխարհագրական հասանելիության ապահովման եւ բարելավման մասին է: Այս ծրագիրը կնպաստի, որ տվյալ բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունն ունեցող ՀՀ քաղաքացիները հեմոդիալիզի ծառայությունից օգտվեն հենց իրենց բնակության վայրում։ Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում եւս էական քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնության հասանելիության ապահովման, ինչպես նաեւ համատեղ այլ ծրագրերի իրականացման գործում:
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանի համար կարեւոր հարեւան է: Դիվանագետի խոսքով` պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները համագործակցությունն առողջապահության ոլորտում առավել զարգացնելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն մասնակցել է այս տարվա մարտին Երեւանում անցկացված «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Միջոցառման ընթացքում ձեռք է բերվել նաեւ հայ-վրացական համաժողովի անցկացման պայմանավորվածություն:
Երկկողմ քննարկումների արդյունքում, որոշվել է նաեւ ստորագրել համագործակցության մասին նոր համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով արդեն վրացական կողմի կարծիքին է ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծը:
Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվում է տեղեկատվության փոխանակման, տարածաշրջանային համագործակցության մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում:






