«Ամեն ինչում Դեկարտն է մեղավոր»: Նման հայտարարությամբ Երեւանում Սթրեսի եւ ցավի կառավարման տարածաշրջանում առաջին կենտրոնի բացմանն իր ելույթը սկսեց Ցավի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի ղեկավար Նարինե Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» հանրահայտ մտքի հեղինակը տարանջատել էր մարդու մարմինն ու հոգին եւ մարմինը ներկայացրել որպես ինչ-որ մեխանիկական բան, որը կարելի է սարքել: Նրա թեթեւ ձեռքով ամբողջ համաշխարհային բժշկությունը գնաց այդ ճանապարհով: Մարմինը՝ բժիշկներին, հոգին՝ կրոնական գործիչներին: Սակայն ժամանակ է անցել, եւ հիմա խոլիստիկ բժշկությունը հոգու եւ մարմնի խնդիրները դիտարկում է միասին:
Նա նշեց, որ բժիշկներն ու հոգեբանները հաճախ են վիճում, թե որն է առաջնային՝ սթրեսը, թե ցավը: Սակայն ամեն բան փոխկապակցված է: Քրոնիկ երկարատեւ ցավը, որն ախտանիշից վերածվում է ինքնուրույն համախտանիշի, ուժեղ սթրես է օրգանիզմի համար: Իսկ մարդիկ, որոնք սթրես են ապրում, նաեւ ֆիզիկական ցավ են զգում: Նարինե Մովսիսյանի խոսքով՝ ցավով տառապող մարդկանց 50 տոկոսի մոտ ցավն ուղեկցվում է սթրեսով, եւ սթրեսով տառապող 60 տոկոսի մոտ սթրեսի հետ միասին նկատվում է ցավի համախտանիշ:
Մասնագետի խոսքով՝ թե՛ սթրեսի զարգացման եւ թե՛ ցավի ազդակների փոխանցման գործում մեծ դեր է խաղում նեյրոտրանսմիտերների դեֆիցիտը: Այնպես որ բարդ է որոշել, թե որն է առաջնայինը՝ ցավը թե սթրեսը: «Բոլոր հիվանդությունները նյարդերից են, եւ միայն մեկն է հաճույքից»,- հայտնի ասացվածքը հիշեցրեց մասնագետը:
Բժիշկը, որը զբաղվում է նաեւ պալիատիվ (ցավամոքիչ) օգնության խնդիրներով, նշեց, որ լինում են անբուժելի ցավեր, եւ այդ ժամանակ հիվանդներին սովորեցնում են այդ ցավով ապրել՝ իհարկե այն մեղմելով դեղորայքով:
Նոր Կենտրոնի ղեկավար, հոգեբան Սոնա Հարությունյանը նշեց, որ Կենտրոնի ստեղծման նպատակն է բազմակողմանի մոտեցում ցուցաբերել ցավի եւ սթրեսի կանխարգելմանը, ախտորոշմանը, կառավարմանն ու բուժմանը: Կենտրոնի գործառույթների մեջ է մտնում տեղեկատվություն տրամադրելը, քանի որ անգամ այսօր շատ բժիշկներ զարմանքով են արձագանքում «ցավը կառավարել» արտահայտությանը, ինչպես նաեւ գործնական պարապմունքներ անցկացնելը սթրեսի եւ ցավի կառավարման հմտությունները սովորեցնելու համար:
Նրա խոսքով՝ Կենտրոնի գործունեության հիմքում դրված է բիոփսիխոսոցիալական մոդելը՝ բժիշկների, հոգեբանների եւ սոցաշխատողների մասնակցությամբ: Կենտրոնի առաջին թրեյնինգը կկայանա հոկտեմբերի 10-ին, այն կլինի բնության գրկում:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կենտրոնը չի հավակնում նեղ բժշկական պրոֆիլի բոլոր ծառայություններ մատուցելուն: Այն համագործակցելու է տարբեր բուժհաստատությունների հետ եւ համակարգելու է տարբեր պրոֆիլի մասնագետների աշխատանքը, քանի որ սթրեսի բուժումը, հատկապես ցավի բուժումը բմուլտիդիսցիխլինար մոտեցում է պահանջում:
Նա նշեց, որ 21-րդ դարում տեղեկության հոսքը, միգրացիոն գործընթացները եւ այլ երեւույթները սթրեսի աղբյուր են դառնում, իսկ դրանք իրենց հերթին սոմատիկ ցավերի պատճառ են դառնում եւ ազդում մարդկանց աշխատանքի արդյունավետության վրա: Արտասահմանում շատ հաստատություններ իրենց աշխատակիցներին ուղարկում են սթրեսի կառավարման թրեյնինգների, եւ առավել վառ օրինակ է Լոնդոնի մետրոպոլիտենը, որը նման թրեյնինգի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին, ինչի արդյունքում պակասել են մետրոյում վթարների եւ պատահարների դեպքերը:
Սողոյանը պարզեցված սխեմա ներկայացրեց. ղեկավարն առանց պատճառի նախատել է իր ենթակային, նա էլ տուն է գնացել եւ զայրույթը թափել կնոջ ու երեխայի վրա, երեխան իջել է բակ եւ նեղսրտությունը թափելով շան վրա՝ խփել քարով: Շունը իր հերթին կատաղել է եւ կծել մեկ այլ երեխայի, որը այդ նույն շեֆի տղան էր, որն առանց պատճառի նախատել էր աշխատակցին: Շղթան փակվեց: Հոգեբույժը նշեց, որ որքան մարդկանց հասարակությունը փոքր է, այնքան այդ շղթան արագ է փակվում:






