Երբ մարդիկ հիվանդանում են, հաճախ կորցնում են ախորժակը կամ խուսափում են որոշակի մթերքներից: Յեյլի համալսարանի նոր հետազոտության արդյունքների համաձայն, սննդային նման նախընտրությունները կարող են կապ ունենալ վարակի տեսակի եւ այն սննդակարգի հետ, որն օրգանիզմը պահանջում է հիվանդության դեմ պայքարելու համար, հայտնում է բուհ-ի կայքը: 

Այդ երեւույթը հետազոտելու համար Յեյլի համալսարանի հետազոտական խումբը փորձարկումներ է արել մկների վրա, որոնք վարակվել էին տարածված վիրուսներով կամ բակտերիաներով: 

«Երբ կենդանիները վարակված են, նրանք դադարում են ուտել եւ անցնում են նյութափոխանակային քաղցի ռեժիմի: Հարցն այն է, թե արդյոք դա օրգանիզմի պաշտպանական, թե հակառակը` կործանարար հակազդեցություն է », – նշել է խմբի ղեկավար Ռուսլան Մեջիտովը: 

Փորձարկման ընթացքում հիվանդ կենդանիներին կերակրել են ընդհանուր ռեժիմով եւ պարզվել է, որ վիրուսային վարակներով վարակված առանձնյակների վիճակը լավացել է եւ նրանք առողջացել են, մինչդեռ բակտերիական վարակներն այլ առանձնյակների մոտ շարունակել են առաջընթաց ապրել: Առանձին սննդանյութերի` ճարպերի, սպիտակուցների եւ գլյուկոզայի առավել մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ հենց վերջինս է պատասխանատու վիրուսային վարակների դեմ պայքարի համար: 

Հետո խումբը փորձարկումը կրկնել է, բայց այս անգամ քիմիական նյութեր է օգտագործել, որոնք արգելափակել են գլյուկոզայի յուրացումը: Արդյունքները հակառակն են եղել. բակտերիաներով վարակված մկները ողջ են մնացել, իսկ վիրուսներով վարակվածները` ոչ: 

Վարակի տարբեր տեսակների դեպքում գլյուկոզայի ազդեցության տարբերությունը բացատրվում է օրգանիզմի իմունային պատասխանով, ասում են հետազոտողները:  Բակտերիական եւ վիրուսային վարակները բորբոքման տարբեր տեսակներ են առաջ բերում, որոնք կարող են հյուսվածքների վնասման հանգեցնել: Կախված վարակի պատճառից, սնունդը կարող է օրգանիզմին կամ օգնել, կամ խանգարել  հաղթահարել հիվանդությունը: 

«Վիրուսային վարակի ընթացքում սնունդը մեզ գլյուկոզա է ապահովում, որը կարող է անհրաժեշտ լինել ողջ մնալու համար,պարզաբանել է Ռուսլան Մեջիտովը: Մյուս կողմից` քաղցելը հանգեցնում է կետոնների առաջացման. դա  վառելիքի մեկ ուրիշ տեսակ  է, որը կարող  է օգնել հաղթահարել բակտերիական վարակը»:

Այնուամենայնիվ, աշխատանքի հեղինակները զգուշացնում են, որ իրենց եզրահանգումները դեռեւս չարժե չափազանց տառացիորեն ընկալել, որովհետեւ արդյունքը կարող է կախված լինել կոնկրետ վարակից: