2.5-3 տարեկան երեխաների մոտ շատ հարցեր են առաջանում, որոնց թվում է այն, թե ինչպես են իրենք աշխարհ եկել: Նրանց ասել, թե իրենց արագիլն է բերել կամ կաղամբում են գտել, ծայրաստիճան սխալ է, կարծում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Մասնագետի կարծիքով, արագիլների եւ կաղամբի մասին պատմությունները երեխայի մոտ շրջապատող աշխարհի մասին սխալ, անհամարժեք պատկերացումներ են ստեղծում: Բացի այդ, երբ նա իմանում է, որ իրեն խաբել են, կարող է կորցնել վստահությունը ծնողների հանդեպ: Այդ պատճառով շատ կարեւոր է մատչելի լեզվով երեխային բացատրել, որ բնության մեջ շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում եւ նրա աշխարհ գալը դրա մի մասն է: Ճիշտ բառեր ընտրելով` հնարավոր է երեխային հասկացնել, որ բազմացումը բնական գործընթաց է եւ որ ինքը լույս աշխարհ է եկել հայրիկի եւ մայրիկի սիրո շնորհիվ:
Մասնագետի խոսքով, շատ ծնողների համար բարդ է երեխաներին բացատրել, թե իրենք որտեղից են հայտնվել, որովհետեւ ժամանակին իրենց եւս չեն բացատրել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջոց գտնել անելու դա, չէ որ երեխան վաղ թե ուշ միեւնույն է կիմանա, թե իրականում որտեղից են առաջանում երեխաները: Եվ անհամեմատ ավելի վատ կլինի, եթե նա դրա մասին իմանա փողոցում` այլասերված եւ սխալ ձեւով:
Երեխաների հետ խոսելով այն մասին, թե որտեղից են առաջանում երեխաները, շատ կարեւոր է իրեն ինքնավստահ եւ հանգիստ պահել, չշփոթվել եւ որեւէ անտրամաբանական եւ հակասական բան չասել: Մասնագետը նշել է, որ շատ մեծահասակների թվում է, որ երեխան ի վիճակի չէ նման բաներ հասկանալ, բայց իրականում, եթե նրան ճիշտ եւ գլխավորը` վստահ տոնով ամեն ինչ բացատրեն, նա ամեն ինչ հրաշալի կհասկանա:
Խոսելով երեխաների սեռական դաստիարակության մասին, հոգեբանը նաեւ նշել է, որ կարեւոր է ոչ միայն երեխային ճիշտ պատմել այն մասին, թե որտեղից են հայտնվում երեխաները, այլեւ իրեն համարժեքորեն պահել մի շարք այլ հարցերում, օրինակ. տարբեր սեռերի երեխաներին միասին լողացնելը հոգեբանը սխալ է համարում (հատկապես եթե նրանք 3-4 տարեկանից մեծ են), ճիշտ ինչպես նրանց սեռական օրգանների հանդեպ ավելորդ հետաքրքրություն դրսեւորելը (որոշ ազգականներ, օրինակ, կատակով կարող են տղային խնդրել, որ ցույց տա սեռական անդամը, որ տեսնեն, թե «ինչպես է մեծացել». համարժեք դաստիարակության տեսանկյունից դա ծայրաստիճան սխալ է):






