Երբ մարդու վրա սկսում են պզուկներ առաջանալ, կարեւոր է իմանալ, թե դրանց դեմ պայքարի ինչ մեթոդներ են իսկապես արդյունավետ, ինչպիսիք՝ ոչ: Հասկանալ՝ որն է ճիշտ, որը՝ հորինվածք, կօգնի Քլիվլենդի կլինիկայի ամերիկացի մաշկաբան Ջենիֆեր Լուկասը.

1. Մի քիչ ատամի մածուկ կամ մաքրող միջոց քսելու դեպքում պզուկը կանցնի

Հնարավոր է, բայց չարժե դա անել: Այդ մթերքները կչորացնեն պզուկը, բայց հնարավոր է՝ չորացնեն նաև մաշկը՝ այն դարձնելով թեփուկավոր ու բորբոքված:

2. Շոկոլադը նպաստում է պզուկների առաջացմանը

Հնարավոր է, մի կերեք, եթե զգում եք, որ դրանից Ձեր վիճակը վատանում է: Ակնեի վրա շոկոլադի ազդեցությունը ներկայումս ուսումնասիրվում է, բայց կաթ պարունակող բոլոր մթերքները կարող են պզուկների առաջացման պատճառ դառնալ, ասում է բժիշկ Լուկասը:

3. Պզուկը սեղմելու դեպքում այն ավելի արագ կլավանա

Հնարավոր է, բայց այդպիսի բան մի արեք: Չնայած պզուկն ավելի արագ է անցնում՝ կարող է սպի մնալ: Բացի դրանից՝ պզուկի պարունակությունը հանելով՝ ինքներդ էլ դա չուզենալով, կարող եք այդ պարունակության մի մասը ներս մղել, ինչը բավական վտանգավոր է:

4. Մարզվելու դեպքում պզուկները կանցնեն

Ճիշտ է, բայց ոչ միշտ: Քրտինքն ու կեղտը, ընդհակառակը, նպաստում են պզուկների առաջացմանը: Ուստի կարեւոր է ամեն մարզումից հետո , հատկապես՝ եթե Դուք սաղավարտ, գլխարկ կամ գոտի եք կրում, որոնք նպաստում են քրտնարտադրությանը, մաքրել դեմքը, պարանոցն ու մեջքը, եթե դրա վրա եւս պզուկներ են առաջանում:

5. Դաշտանի ժամանակ պզուկները շատանում են

Ճիշտ է: Ակնեի գոյացման գործում հիմնական դերը հորմոններինն է, ասում է բժիշկ Լուկասը:

6. Մեծահասակների դեպքում ակնե չի լինում

Ճիշտ չէ: Երբեմն պզուկների գոյացումը շարունակվում է, երբ մարդը մեծանում է: Ավելին՝ լինում են դեպքեր, երբ մարդու վրա սկսում են պզուկներ առաջանալ արդեն հասուն տարիքում՝ հորմոնալ անհավասարակշռության դեպքում:

7. Սափրվելը նպաստում է պզուկների առաջացմանը

Ճիշտ չէ: Երբեմն ներաճած մազերի կարմիր կետերը շփոթում են պզուկների հետ: Բժիշկ Լուկասը խորհուրդ է տալիս ակնեի դեմ միջոցներ փորձել, որոնք բենզոիլ պերօքսիդ են պարունակում:

8. Արեւայրուքը կօգնի ազատվել պզուկներից

Հնարավոր է, բայց չարժե դա փորձել: Պատճառահետեւանքային կապն առայժմ ապացուցված չէ, իսկ մելանոմայի ռիսկին ենթարկվել չարժե:

Իսկ ե՞րբ է պետք դիմել մաշկաբանի

«Եթե փորձել եք բոլոր միջոցները, եւ ոչինչ չի օգնել, այլ վիճակն ավելի է վատացել, այդ դեպքում անպայման պետք է դիմել մաշկաբանի», ասում է բժիշկ Լուկասը: