Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին, խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը կարեւորեց հասարակական խորհրդի գործունեությունը` որպես պետության եւ հասարակության արդյունավետ համագործակցության գրավական:

Նա նշեց, որ յուրաքանչյուրը կարող է վերհանել խնդիրներ, որոնք կքննարկվեն նիստերի ընթացքում` տալով լուծման առաջարկներ: Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին առողջապահության ոլորտի առաջնահերթություններն ու հաշմանդամ զինծառայողների առողջապահական խնդիրները, որոնք ներկայացրեց հասարակական խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանը:

Հասարակական խորհրդի անդամների արդյունավետ քննարկման եւ հնչած առաջարկների արդյունքում հաշմանդամ զինծառայողների առողջապահական խնդիրների լուծման համար կարեւորվեց հանրապետությունում բնակվող բոլոր հաշմանդամ զինծառայողների ցուցակագրումը, ստանդարտացումը, իրազեկվածության բարձրացումը եւ ֆինանսական աջակցությունը:

Միաժամանակ, ընդգծվեց միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը պետական մարմինների միջեւ եւ հասարակական հատվածի հետ: Ամփոփելով հանդիպումը` Արմեն Մուրադյանը կոչ արեց մեկտեղել ջանքերը` ի նպաստ համակարգի բարելավման, բնակչության առողջության պահպանման: