Հնդկաստանում քննարկվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք զգալի սահմանափակում են դնում փոխնակ մայրության վրա:  Այսօր փոխնակ մայրությունը եկամտի աղբյուր է շատ աղքատ կանանց համար, բայց եթե փոփոխություններն ընդունվեն, փոխնակ մայրերի ծառայություններից կկարողանան օգտվել միայն ամուսնացած զույգերը, ընդ որում երեխային պետք է կրի մոտ ազգականուհին, ընդ որում` անվճար: 

Փոխնակ մայրության մասին օրենքը Հնդկաստանում ընդունվել է 2002 թվականին: Այսօրվա դրությամբ փոխնակ մայրերի ծառայություններին այդ երկրում ամեն տարի դիմում է 2000 անպտուղ զույգ: Ավելին, մինչեւ կանոնների խստացումը, օտարերկրացի շատ քաղաքացիներ Հնդկաստան էին գալիս հենց դրա համար, որովհետեւ փոխնակ մայրության ծառայություններն այստեղ թանկ չեն, իսկ կլինիկաներն անվտանգության երաշխիքներ են տալիս: 

2012 թվականին կանոնները խստացրել են` նույնասեռական զույգերին եւ միայնակ մարդկանց զրկելով փոխնակ մայրերի ծառայություններից օգտվելու իրավունքից, իսկ 2015-ի նոյեմբերին իշխանությունները հրահանգել են այլեւս նման ծառայություններ չտրամադրել օտարերկրացիներին: Այժմ նախատեսել են օրենքն էլ ավելի խստացնել: Արտաքին գործերի նախարար Սուշման Սվարայի խոսքով, փոխնակ մայրերի ծառայություններից այսօր այնպես չեն  օգտվում, ինչպես հարկն է, եւ փոփոխություններն ուղղված են կանանց բարեկեցության պաշտպանությանը: Նրա խոսքով, դեպքեր են եղել, երբ աղջիկներին կամ հաշմանդամներին դեն են նետել ծնվելուց անմիջապես հետո:  

Առողջապահության ոլորտի փորձագետները նշել են, որ փոխնակ մայրերը Հնդկաստանում այնպես պաշտպանված չեն, ինչպես հարկն է, եւ եթե ինչ-որ բան սխալ գնա, նրանք կարող են բժշկական ապահովագրություն չունենալ. բացի այդ, դեպքեր են եղել, երբ կանանց ստիպել այնպիսի պայմանագրեր ստորագրել, որոնք վերջիններս չեն հասկացել:  Ամենից հաճախ կլինիկաներում փոխնակ մայրերի մարմնում մի քանի սաղմ են դնում, որպեսզի գոնե մեկը ողջ մնա, իսկ եթե մի քանիսն են ողջ մնում, «ավելորդներին» աբորտ են անում, ինչը կարող է բացասաբար ազդել կնոջ առողջության վրա: 

Օրինագծի հեղինակների խոսքով, փոփոխություններն ուղղված են հենց փոխնակ մայրերի իրավունքների պաշտպանությանը: Սակայն իրենք` փոխնակ մայրերը, անհամաձայնություն են հայտնել փոփոխությունների վերաբերյալ: 

«Նախարարների համար հարմար է նստել իրենց փափուկ աշխատասենյակներում եւ որոշումներ կայացնել աղքատների փոխարեն», — հայտնել է նրանցից մեկը: 

Մեկ ուրիշը, որն այրի է, պատմել է, որ ինքը ստիպված է եղել, պայմանագրի պայմանների համաձայն, իր երեխաներին մանկատուն հանձնել, մինչ ինքը կրում էր պատվիրատուի երկվորյակներին, սակայն վստահ էր, որ ճիշտ է վարվում:  Նրա համար այն 6000 դոլարը, որ ստանալու է, երբ երկվորյակ ծննդաբերի, միակ շանսն է աղքատությունից դուրս գալու:    «Սովորական» աշխատանքի համար շատ քիչ են վճարում, իսկ ամուսնու մահից հետո վերջինիս ընտանիքը նրան դուրս է շպրտել, երբ հղի էր երկրորդ երեխայով:  

Վերարտադրողական տեխնոլոգիաների մասնագետ Նայանա Պատելը, որն իր աշխատանքի տարիների ընթացքում ավելի քան հազար երեխայի ծնունդ է ընդունել, իր անհանգստությունն է հայտնել օրինագծի առիթով` նշելով, որ արգելքը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: «Այն  ամենը, ինչ դուք ամբողջովին արգելում եք, գաղտնի կարվի», — հայտնել է նա: Բժիշկը հավելել է, որ կանոնների խստացումը աղքատ խավերի կանանց կզրկի թեկուզ ինչ-որ կերպ իրենց ֆինանսական գործերը շտկելու հնարավորությունից: «Նա անբարոյական ոչինչ չի անում: Նա ընտանիք չի քանդում, ստեղծում է ընտանիք եւ մինչ նա իր բարի գործն է կատարում, ո՞վ ենք մենք, որ մատնացույց անենք նրան եւ պնդենք, թե վաճառում է իր արգանդը», — հարցրել է Նայանա Պատելը: