FreestyleLibre-ն նոր ջրակայուն սարք է, որը կարող է 1-ին տեսակի դիաբետով  տառապող մարդկանց օգնել ժամանակին նկատել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը: 

Սարքի սենսորն ամրացվում է ուսին եւ կարող է այդպես մնալ մինչեւ երկու շաբաթ: Այն ամեն 15 րոպեն մեկ չափում է արյան մեջ շաքարի մակարդակը եւ պահպանում է այդ տեղեկությունը:  Վերջին 8 ժամվա ընթացքում սենսորի տվյալները կարելի է հաշվարկել հատուկ սարքի միջոցով, որը երեք ամիս շարունակ պահպանում է ստացված տվյալները: 

Քանի որ սենսորն անջրաթափանց է, դրանով կարելի է լվացվել եւ լողալ, առանց վախենալու վնասել: Այն փոքր չափի է եւ աննկատ է հագուստի տակ. իմիջիայլոց, հնարավոր է ցուցմունքներ վերցնել, առանց թեւքերը ծալելու:  

Սարքը մշակողները` Karolinska University Hospital-ի գիտնականներն այն փորձարկել են   239 չափահաս հիվանդի վրա, որոնք 1-ին տեսակի դիաբետով են տառապում: Մասնակիցների մի խումբը FreestyleLibre է օգտագործել, իսկ մյուսն արյան մեջ շաքարի վերահսկողության ավանդական սխեմա է կիրառել` գլյուկոմետրեր օգտագործելով:  Հեղինակները ցույց են տվել, որ հիպոգլիկեմիայի հաճախությունը եւ տեւողությունը նրանց մոտ, ովքեր նոր սարքն են օգտագործել, նվազել է 38 տոկոսով (օրական 3,5 ժամից մինչեւ 2 ժամ):

Սարքն օգտագործելը եւ ցուցումներ վերցնելը հեշտ է եղել. այդ պատճառով   FreestyleLibre օգտագործած մարդիկ ավելի հաճախ են չափել արյան մեջ շաքարի մակարդակը, քան նրանք, ովքեր գլյուկոմետրեր են օգտագործել   (օրական համապատասխանաբար 15 եւ 6 անգամ):

Մշակողները հույս ունեն, որ նոր սենսորը այլընտրանք կդառնա արյան մեջ շաքարի չափման ավանդական մեթոդի համար եւ կօգնի էականորեն հեշտացնել 1-ին տեսակի դիաբետով հիվանդների կյանքը: